27/07/2024

Դեպի ու՞ր է գնալու Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունը

Վրաստանը փոխել է Ռուսաստանի հետ հարաբերությանն առնչվող հարցերի պատասխանատուին: Փետրվարի սկզբին վարչապետ նշանակված Իրակլի Կոբախիձեւի որոշմամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի պատասխանատու Զուրաբ Աբաշիձեին կփոխարինի Գեորգի Կաջայան:

Զուրաբ Աբաշիձեն այդ կարգավիճակում էր 2012 թվականից եւ տարեկան մի քանի հանդիպում էր տեղի ունենում նրա եւ ՌԴ ներկայացուցչի միջեւ, որի ընթացքում քննարկվում էին երկկողմ հարաբերությանը վերաբերող հարցեր, որոնք հատկապես ծագել էին 2008-ի հնգօրյա պատերազմից հետո:

Նոր ներկայացուցչի նշանակումը ենթադրում է նո՞ր քաղաքականություն, նոր փու՞լ վրաց-ռուսական հարաբերության հեռանկարներում, թե՞ դա պարզապես «ներվրացական» նշանակում է, պայմանավորված նոր վարչապետի պատկերացումներով եւ մոտեցումներով: Մի բան կասկածից վեր է, որ վրաց-ռուսական հարաբերության հարցը աստիճանաբար դառնալու է ավելի ընդգծված եւ սուր, այն իրողությունների համատեքստում, որ ծավալվում են աշխարհաքաղաքական մասշտաբով:

Իսկ այդ հարցը նաեւ Հայաստանի հարցն է, Հայաստանի համար բախտորոշ հարցերից մեկը, որի հանդեպ սակայն Հայաստանը չունի վճռորոշ ազդեցություն եւ ստիպված է միայն աչալրջորեն հետեւել, թե օրինակ ինչ ընթացք ու բովանդակություն է ստանալու, կամ՝ դեպի ինչ ընթացք ու բովանդակություն է բեկվելու հայ-վրացական ռազմավարական գործակցության հռչակագիրը, որ ստորագրվեց մեկուկես ամիս առաջ Թբիլիսիում:

Դեպի ու՞ր է գնալու Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունը, հասնելու՞ է այն հանգրվանի, որտեղ օրակարգում ակտիվանալու է աբխազական երկաթուղու հարց, ինչի վերաբերյալ մշուշոտ ակնարկներ եւ հայտարարություններ արվել են պարբերաբար:

Բայց, այդ երկաթուղու հարցն իհարկե ինքնին աշխարհաքաղաքական համատեքստի խնդիր է, որովհետեւ այն հիմնարար կերպով առնչվելու է կովկասյան ստատուս-քվոյի, ընդ որում ոչ միայն ռազմա-քաղաքական եւ այսպես ասած աշխարհագրական, այլ կոնցեպտուալ-փիլիսոփայական իմաստով: Հնարավո՞ր է անել Վրաստանում մի նշանակման, մի կադրային փոփոխության առիթով այդքան հեռու տանող եզրակացություններ, թե՞ ոչ: Սա իհարկե բաց հարց է, ինչի անգամ բացասական պատասխանը սակայն ամենեւին չի չեղարկելու այն, որ Վրաստանի հարցը բացվում է եւ ժամանակի ընթացքում՝ ավելի լայն, եւ Հայաստանում էլ դրան պետք է հետեւել լայն բացված, այլ ոչ լայն փակված աչքերով: