27/07/2024

Լևոն Մալխասյանի 79-ամյակը կնշվի ջազմենին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ և համերգային ծրագրով. Լուսանկարներ

Դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի (Մալխաս) ծննդյան առթիվ մարտի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Մալխաս ջան/զ» խորագրով համերգային երեկոն:

Համերգին ջազի երկրպագուները կվայելեն «Մալխաս ջազ տրիո»-ի և սիրված ջազմենների յուրահատուկ կատարումները: Մինչ համերգի մեկնարկը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Կյանքը ջազում» ֆիլմը, որում Լևոն Մալխասյանն ինքն է պատմում իր մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Մալխասյանն ասաց՝ համերգին մասնակցելու են նաև Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Գրիգորյանը, Գարիկ Սարիբեկյանը, Խաչիկ Սահակյանը և այլք:

«Մեծատաղանդ երաժիշտներ են բոլորը, վառ անհատներ, որոնք կնվագեն համերգին: Կարծում եմ՝ երեկոն հետաքրքիր կլինի: Ասեմ, որ Մարտին Վարդազարյանը վարելու է համերգը: Նա ջազային համերգներ վարելու մեծ փորձ ունի և մի քանի միջազգային ջազ փառատոնների ընթացքում եղել է կոնֆերանսիե»,-նշեց Լևոն Մալխասյանը:

Նա մեծ ներդրում ունի հայկական ջազի զարգացան գործում. բազմաթիվ միջազգային փառատոններ է կազմակերպել Հայաստանում, մեր երկիր է հրավիրել ականավոր ջազմենների, ստեղծել «Մալխաս ակումբ»-ը, որտեղ նվագում են բազմավաստակ ու երիտասարդ ջազմենները: Ասում է՝ ունեցել է երեք երազանք: «Երազում էի այցելել ԱՄՆ ու տեսնել այն ջազմեններին, որոնց միշտ լսել եմ ձայնասկավառակներով: Այդ երազանքն իրականացավ մի քանի անգամ: Հանդիպեցի նրանց, նվագեցինք միասին: Երկրորդ երազանքս էր կազմակերպել միջազգային ջազ փառատոններ, ինչն ինձ հաջողվեց անել յոթ կամ ութ անգամ: Հրավիրում էի ջազային մեծ աստղերի՝ Չիկ Կորեա, Հերբի Հենքոք և այլք: Երրորդ երազանքն էր ունենալ ջազ ակումբ, որտեղ երիտասարդները, միջին տարիքի և իմ տարիքի ջազմենները կարող են նվագել: Ջազ ակումբը գոյություն ունի արդեն 19 տարի»,-ընդգծեց Լևոն Մալխասյանն ու հավելեց՝ չորրորդ երազանք ևս ունի, սակայն չի բարձրաձայնի այն:

Անդրադառնալով ֆիլմին՝ մաեստրոն նշեց, որ այն դինամիկ է, հետաքրքիր: «Ես ֆիլմում պատմում եմ այն մասին, թե որքան եմ սիրում Երևանը: Իմ բացակայությունը քաղաքից տևում է 13 օր: Ուր էլ լինեմ, 13 օր անց պետք է վերադառնամ Երևան: Կարոտում եմ Երևանի գաղտնիքը, մագնիսականությունը, ընկերներիս: 1990-ականներին Նյու Յորքում էի: Գնացի ջազ ակումբներ, մասնակցեցի համերգների և այլն: 12-րդ օրն էր, ինձ առաջարկեցին մնալ ԱՄՆ-ում և երեք ամիս նվագել Հուդզոնով նավարկող նավի վրա: Ես հրաժարվեցի»,-պատմեց Մալխասյանն ու հիշեց՝ Հայաստանում իրեն մոմերով են դիմավորել ու շատ զարմացել, որ դեկտեմբեր ամսին վերադարձել է:

Լևոն Մալխասյանի խոսքով՝ Հայաստանը փայլուն ջազային մտածողությամբ երաժիշտներ է ունեցել՝ Արտեմի Այվազյան, Կոնստանտին Օրբելյան, Մելիք Մավիսակալյան, Ստեփան Շաքարյան և այլք, սակայն ինքն առաջինն էր, որ հիմնադրեց առաջին ջազային եռյակը, ինչից հետո ջազային փոքր խմբերը շատացան:

Թավջութակահար Նիկողայոս Վարդանյանը քառասուն տարի ճանաչում է Լևոն Մալխասյանին և շուրջ 18 տարի նվագում է Մալխասի ակումբում: «Ակումբը միշտ լեփ-լեցուն է: Բացի հայերից ակումբ են այցելում բազմաթիվ օտարերկրացիներ: Մալխասը Երևանի գույներից մեկն է: Մալխասի և Երևանի միջև փոխադարձ սեր է»,-ընդգծեց երաժիշտը:

Բենդի նվագացանկը շատ ընդգրկուն չէ, սակայն տարիների ընթացքում ավելի հղկվել է և ամեն անգամ նորովի է հնչում:

«Կյանքը ջազում» ֆիլմը բաղկացած է երկու մասից՝ «Ապրում եմ այնպես, ինչպես նվագում եմ», «Նվագում եմ այնպես, ինչպես ապրում եմ»: Սցենարի հեղինակներն են Մեսրոպ Մովսեսյանը, որը նաև նախագծի պրոդյուսերն ու գեղարվեստական ղեկավարն է, Ռուզաննա Մկրտչյանը, իսկ գլխավոր օպերատորն ու ռեժիսորը Վահագն Տեր Հակոբյանն է:

Ռեժիսորը նշեց՝ ֆիլմը ոճով և ձևաչափով մենախոսություն է անհատի մասին: «Մալխասը կադրից դուրս խոսում է իր ներաշխարհի, զգացմունքների, ընկերների, Երևանի մասին: Այստեղ կարևոր հերոսներից է Երևանը, որը համադրվում է Մալխասի երաժշտության հետ: Մալխասյանն ու Երևանը մարդկանցով, մթնոլորտով, ճարտարապետությամբ համադրված են»,-ասաց նա և հույս հայտնեց, որ ֆիլմը կսիրվի:

Լևոն Մալխասյանին նվիրված երեկոն կազմակերպել է «Նյու ջեներեյշն» ընկերությունը, որի հիմնադիրը երաժիշտ Շմավոն Գրիգորյանն է: Երրորդ անգամ են Լևոն Մալխասյանի մասնակցությամ ջազային համերգային երեկո կազմակերպում: «Համերգների արձագանքները շատ ոգևորիչ էին, ուստի որոշեցինք նրան նվիրված երեկո նախաձեռնել և ցուցադրել նաև մաեստրոյի մասին պատմող ֆիլմը: Կարծում եմ՝ լավ առիթ է Լևոն Մալխասյանի 80-ամյակի երեկոյի մասին մտածել՝ հրավիրելով անվանի ջազմենների»,-շեշտեց նա:

«Նյու ջեներեյշն»-ի նպատակն է ջազը, օպերային արվեստը, հայ մշակույթը ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Նախորդ տարի 48 բալետային ներկայացում են կազմակերպվել Գերմանիայում: Հաջորդ տարի ևս անակնկալներ են խոստանում: