18/04/2024

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացը տեղից չի պոկվի

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացը տեղից չի պոկվի ու այս առումով որևէ լավատեսական սպասում չի լինելու, որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե միջազգային սկզբունքներին և նախադեպերին համահունչ գործընթացի մեջ մտնելն է, այլ պարզապես Հայաստանից նոր տարածքներ խլելը:

Հիմա հանրային դիսկուրսը երևացող և մեծամասամբ չերևացող մակարդակում հետևյալն է` շարունակել զիջել հանուն խաղաղության խոստման, թե՞ պայքարել ու հաղթել:

Ովքեր դեռ հավատում են, որ տարածքներ ու ազդեցություն զիջելով Հայաստանին կհաջողվի խաղաղության հասնել, նրանց թիվը էականորեն նվազել է հենց միայն այն պատճառով, որ կա´մ իշխանությանն այլևս չեն հավատում, կա´մ աչքների առաջ վերջին 5-6 տարիների ցավալի փորձն է, երբ ՀՀ իշխանությունն անընդհատ զիջում է, իսկ Ադրբեջանն անընդհատ պահանջում:

Ինչ վերաբերվում է պայքարելու և դիմակայությունը հաղթելու մասին, ապա սա վերաբերվում է բոլոր ճակատներին` քարոզչականից մինչև դիվանագիտական, իսկ ծայրահեղ դեպքում` ռազմի դաշտում:

Բայց այս դեպքում էլ այլ տրամաբանական հարց է ծագում` ո՞վ պետք է այդ պայքարը մղի` փաշինյանական իշխանությո՞ւնը:

Մի կողմ դնենք սրանց ամբարտավան կեցվածքն ու լկտի դրսևորումները, որն արտահայտվում է բացառապես երկրի ներսում, իսկ դրսում` Ալիևի առաջ խոնարհ ստրուկի դեմքով պարտվածների կույտ են:

Ի՞նչ է հանրությունը տեսել վերջին 5-6 տարիներին` վճռականության խոստում, հուժկու տեքստեր ու անվերջ երդումներ: Արդյունքը` զրո, իսկ իշխանության խոստացած հեռանկարների նկատմամբ նվազագույն վստահություն:

Ահա մեր խնդիրների ու փակուղու կարճ ձևակերպումը: Քանի կան նիկոլները` Հայաստանը, ցավոք, շարունակելու է պարտության շղթան»: