27/07/2024

Վերջապես կարդացին․ ՌԴ-ը ՀՀ-ից պաշտոնական ծանուցում է ստացել. Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից գերատեսչական պաշտոնական ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, հետագա կապերը Երևանի հետ շարունակվում են։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ շարունակելով.

«Այս կապակցությամբ իսկապես գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ կապեր են իրականացվում գերատեսչությունների միջոցով, այս պահին ավելին ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն։

ՀՀ վարչապետն իր ասուլիսում հայտնել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, շնորհակալություն հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունը ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։

«Տեղեկացրել են՝ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ողջ ընթացքում, այդ թվում՝ ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ, ՀՀ սահմանապահ ծառայությունը մասնավորապես օդանավակայանում արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունը իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության»,- ասել էր վարչապետը: