ԱԱԾ հատուկջոկատայինները վաղ առավոտյան ներխուժել են ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանի տուն և բերման ենթարկել նրան:
Այս մասին իր էջում հայտնել է վերջինիս որդին` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից Արամ Սարգսյանը՝ նշելով, որ բոլորին պառկեցրել են գետնին, ամբողջ տունը խուզարկել, տակնուվրա արել և մի քանի ժամ տևած քննչական գործողություններից հետո հորը բերման ենթարկել և տարել իրենց հետ։
Լրագրող Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՏԱՐԱԾԵԼ
Ընկերներ ջան, արտառոց դեպքի առիթով եմ գրում։ Առավոտից էնպիսի մղձավանջի մեջ ենք ամբողջ տնով, որ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել։ Առավոտյան ժամը 7-ին ամենավայրի ձևով մեր տուն են ներխուժել ԱԱԾ հատուկջոկատայինները` մինչև ատամները զինված։ Բոլորիս պառկեցրել են գետնին, բոլորիս տեռորի են ենթարկել, ինձ հարվածել են, խեղճ մորս լեղաճաք են արել, էնպես էին վախեցրել։ Ամբողջ տունը խուզարկել, տակնուվրա են արել, մի քանի ժամ տևած քննչական գործողություններից հետո հորս` դաշնակցական Գագիկ Սարգսյանին, բերման են ենթարկել։ Հիմա չգիտենք` որտեղ է, ինչ վիճակում է։ Հայրս ազնիվ, պարկեշտ, բացառիկ հայրենասեր մարդ է։ Ով նրան ճանաչում է` լավ գիտի։ Առայժ ոչինչ պատճառների մասին չեն ասել, բայց վստահ եմ, որ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների ու քաղաքական ակտիվության հետ է կապված։
Չգիտեմ` ինչ էինք արել, որ մեր հայրենի պետության «ժողովրդավար» իշխանությունները մեզ վերաբերվում են որպես ամենավտանգավոր հանցագործի, – նույնիսկ նաիրի հունանյանի հետևից էդպես չեն գնացել, – բայց առայժմ էս հարցը մի կողմ եմ դնում։
Հիմա ավելի կարևոր են գործնական քայլերը։ Չգիտեմ` ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում։ Եթե ընկերներիս մեջ որևէ մեկը իրավաբանական, փաստաբանական կամ այլ օգնություն կարող է ցույց տալ, ինչ-որ խորհուրդ կարող է տալ, խնդրում եմ գրել»։
Բաց մի թողեք
Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և 3 մլն դոլար շորթման վարույթով Իրանի քաղաքացի է կալանավորվել
Բալասանյանի որդուն 70 մլն դրամի դիմաց ազատ են արձակել
Վարորդները վիճաբանել են «հերթ չպահելու» հարցի շուրջ, սկսվել է ծեծկռտուք. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է