27/07/2024

Անհրաժեշտ են շփումներ. Կրեմլից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին հայտարարությունները

Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին, դեռ շատ աշխատանք է մնացել, իրավիճակը պարզելու համար անհրաժեշտ են շփումներ:

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։

«Իհարկե, մենք լսել ենք այդ հայտարարությունները: Ակնհայտորեն, իհարկե, հիմա դեռ շատ աշխատանք կա, մեզ անհրաժեշտ են շփումներ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ, մենք կհստակեցնենք և կխոսենք համահունչ այն հայտարարություններին, որոնք արել է պարոն վարչապետը»,- լրագրողներին պատասխանել է Պեսկովը։

Հարցը, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովը վերահղել է ՀԱՊԿ-ին և պարզաբանել, որ Կրեմլը չի կարող խոսել կազմակերպության անունից։

«Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու»,- եզրափակել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

Երեկ՝ մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ խոսելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին՝ վարչապետը նշել էր.

«Մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք․ նիստերին չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք։ Մենք խնդրում ենք, պահանջում ենք՝ հարգելի գործընկերները պատասխանեն մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Հարցրել ենք, բայց այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Այսօր էլ այդ հարցը սեղանին դրված է․ եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին, ու այդ պատասխանը կհամապատասխանի մեր պատկերացումներին, կնշանակի, որ ՀՀ-ի և կազմակերպության միջև հարցերը լուծված են, ամփոփված են։ Եթե՝ ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, բայց չեմ կարող ասել՝ երբ»։