Սահմանազատման ու սահմանագծման պրոցեսները նրա համար են, որպեսզի հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Ադրբեջանն է, որից այն կողմ՝ Հայաստանը։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին հարցին:
«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է հասկանան, թե որ քարտեզներով են աշխատում, այսինքն՝ այն իրավական հիմքով, որով այդ գիծը հստակ կգծվի»,- ասաց նա։
Նախարարը պարզաբանեց՝ իրավական հիմքն էլ այն է, երբ երկու կողմի համար ընդունելի իրավական քարտեզ կվերցնեն, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա։
Խոսելով որոշ ենթակառուցվածքների մասին, որոնք սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում պարզվեն, որ պետք է վերակառուցվեն՝ Սանոսյանը պարզաբանեց․ «Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ճանապարհները կամ այլ ենթակառուցվածքներ սահմանին շատ մոտ են, որոշ տեղերում հատում են սահմանի որոշ հատվածներ, դա կհստակեցվի սահմանազատման և սահմանագծման ժամանակ։ Միգուցե որոշ տարածքներ վերակառուցելու հարց առաջանա»։
Թե ո՞ր ճանապարհի ո՞ր հատվածները դրանք կլինի, ըստ նախարարի, դա էլ կպարզվի, երբ հանձնաժողովները կաշխատեն քարտեզներով։
Հարցին, թե այդ չորս գյուղերը գտնվում են մեր վարչատարածքային բաժանման կազմում, վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ խոսքը չկա Հայաստանի 29,800 քմ տարածքային ամբողջականության մասին․ «Ընդհանուր աշխատանք պետք է արվի, որից կպարզվի՝ միայն ճանապա՞րհ է պետք վերակառուցել, թե՞ այլ ենթակառուցվածքներ ևս։ Չորս գյուղերի վերաբերյալ վարչապետը երեկ շատ մանրամասն խոսել է, կարծում եմ, որ բոլորս հասկացել ենք այն, ինչը շատ պարզ ասվեց»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանն էլ չորս գյուղերի դիմաց շարունակելո՞ւ է պահանջել 31 գյուղերը Ադրբեջանից՝ Սանոսյանը դրական արձագանքեց․ «Իհարկե, խոսքը նրա մասին է, որ հանձնաժողովը ինչ-որ հատվածից կսկսի ու սահմանի ողջ երկայնքով կաշխատի։ Դա հանձնաժողովի աշխատանքի մի մասն է»։
Բաց մի թողեք
Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով. ՊՆ. Լուսանկար
Կինս ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես. բելգիացի գործարարը նշանակվել է Ֆլանդրիալում ՀՀ հյուպատոս