27/07/2024

Մոսկվային անհանգստացնում է Հայաստանի ղեկավարության վերջնագրային, երբեմն վիրավորական հռետորաբանությունը. Զախարովա

Մոսկվային անհանգստացնում է Հայաստանի ղեկավարության վերջնագրային, երբեմն վիրավորական հռետորաբանությունը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան. «ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, և դա վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Հայաստանի կողմից ընթացիկ կուրսի շարունակումը, սակայն, կարող է անդառնալի վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի դաշնակցային հարաբերություններին։ Միևնույն ժամանակ, մեզ չի կարող չանհանգստացնել հակաարդյունավետ և վերջնագրային, երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր գերիշխում է կազմակերպության թեմայի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարություններում»։

Զախարովան անընդունելի է համարել ՀԱՊԿ-ում մեծաթիվ մարդկանց աշխատանքի նկատմամբ, ըստ իրեն «նսեմացնող վերաբերմունքը», որի արդյունքները տևական ճամանակ ակնհայտ են բոլորի համար։

Ֆրանսիան չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ Երևանում, շրջվելով դեպի Ֆրանսիան և մեծացնելով նրա հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, պարզապես չեն գիտակցում Ֆրանսիայի,այսպես կոչված, հովանավորների իրական մտադրությունները, ոչ էլ տարածաշրջանում իրենց ռազմական ներկայությունն ընդլայնելու ռիսկերը։ Միամտորեն հավատում են, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է ապահովել Հայաստանի անվտանգությունը»:

Ըստ Զախարովայի, եթե Ֆրանսիան ունենար նման հնարավորություններ, ապա դրանք կօգտագործեր այն երկրներում, որտեղ ուներ պայմանագրային պարտավորություններ. «Համերաշխության կեղծ հավաստիացումների, խաղաղության մասին խոսքերի ներքո, ցավոք Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները չեն առաջնորդվում Հայաստանի շահերով, դա ակնհայտ է: Նրանք առաջնորդվում են իրենց վիրավորված աշխարհաքաղաքական նկրտումներով: Հակառուսական վերաբերմունքը և Հայաստանի և ողջ հարավային Կովկասի ապագան Փարիզի համար պարզապես գործիք են, սակարկության առարկա, սեփական բարեկեցությունը պահպանելու, իր հեղինակությունը պահպանելու միջոցներից մեկը՝մեր երկրի հետ հիբրիդային պատերազմի ֆոնին»։

«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների և նրանց աշխատանքի դադարեցման մասին Հայաստանի հայտարարությունները չեն նպաստի հանրապետության անվտանգությանը. «Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կայացվելու են միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, և, նախնական առումով, ցանկանում ենք նշել, որ նշված հայտարարությունը հայկական կողմից արվել է մի ամբողջ շարք ոչ բարեկամական քայլերի ֆոնին: Հազիվ թե նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը, հատկապես՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք երկար տարիներ ուս ուսի տված ռուս և հայ սահմանապահները արդյունավետորեն կատարել են»։

Դիվանագետը նշել է, որ հայկական կողմից համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով։ «Մենք դիվանագիտական ուղիներով ոչինչ չենք ստացել»,- ընդգծել է Զախարովան։

Երևանի ներկայիս քայլերը կարող են անուղղելի վնաս հասցնել Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններին: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին. «Երևանի ներկայիս կուրսի շարունակականությունը, ի վերջո, կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, ամբողջությամբ ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմները և ազդել նրա առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա»: