14/12/2024

Բաքուն հիստերիայի մեջ է. Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը «երկակի ստանդարտների օրինակ» են համարում

Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորության մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը Ադրբեջանում հերթական հիստերիայի պատճառ է դարձել:

«Հայաստանի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ բանաձևը «Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների վառ օրինակ է»»։

Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ կապված մարտի 13-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի հետ, որում խորհրդարանականները խորհուրդ են տվել գործադիր կառույցներին ամրապնդել հարաբերությունները Եվրամիության և Հայաստանի միջև։

«Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտի 13-ի բանաձևը, լինելով անհիմն և կողմնակալ, նաև երկակի ստանդարտների վառ օրինակ է մեր երկրի նկատմամբ»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Բաքուն Եվրախորհրդարանին առաջարկել է «լուծել ավելի լուրջ խնդիրներ Եվրոպայում, քանի որ համոզված է՝ «այնպիսի բանաձևերը, ինչպիսին ընդունվածն է, որևէ առնչություն չունեն դրանցում ամրագրված արժեքների հետ, ինչպես նաև ամբողջությամբ զրոյացնում են Եվրախորհրդարանի՝ որպես ինստիտուտի դերը»:

Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձև, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:

Այն ընդունվել է ձայների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Բանաձևով նաև ԵՄ կառույցներին կոչ է արվում աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության և այլ ոլորտներում: Բանաձևի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները:

Բանաձևում մեջբերվել է ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ The Telegraph-ին տված հարցազրույցում արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել էր գրեթե նույն միտքը Հայաստան այցելած Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: