27/07/2024

«Միասին շատ խոսելու կարիք ունենք». նախարարը՝ բուհերի միավորման ծրագրի մասին

«Մենք նախորդ տարի հուլիսին հայտարարություն հրապարակեցինք, որտեղ պարզ ներկայացրել էինք, որ առաջիկայում՝ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրով նախատեսված բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպություններին միավորման կոնտեքստում քննարկումներ ենք սկսում և առաջարկել էինք, որ բուհերը մինչև այս տարվա փետրվարի 15-ը իրենց առաջարկներն անեն, թե ինչ դիտարկումներ ունեն և ինչպիսի պատկերացումներ ունեն»:

Այս մասին լարգրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Կոնսերվատորիայում դեմ են Ակադեմիական քաղաք տեղափոխվելուն, նախարարության մոտեցմանը:

«Հիմա ձևավորել ենք աշխատանքային խմբեր ամեն ուղղություններով, մանրամասն քննարկելու ենք բոլոր կողմ և դեմ տեսակետները, հիմնավորումները և փաստարկները։ Նաև՝ արվեստների ուղղությամբ երեկ կայացել է առաջին քննարկումը, կոնսերվատորիայի ներկայացուցիչները ևս ներգրավված են այնտեղ։ Սա շատ բարդ ու բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի, իհարկե, սիրով բոլոր եղած կարիքները կլսենք։ Կարծում եմ՝ միասին շատ խոսելու կարիք ունենք․ մենք՝ իրենց ավելի լավ հասկանալու, իրենք՝ ծրագիրը ավելի լավ պատկերացնելու առումով, միակ ճիշտ ճանապարհը քննարկումների միջոցով հասկանալն է, թե որն է լավագոյն տարբերակը»,- ասաց նախարարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մեկ հովանոցի տակ գործելու ծրագիրը օրենք է. «Կրթության զարգացման՝ մինչև 2030թ. պետական ծրագիրը հաստատված է ԱԺ կողմից, որտեղ ֆիքսված է մեր թիրախը, թե պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք, և դրա շրջանակներում քննարկումներ պետք է տեղի ունենան»։