27/07/2024

Դավաճանող կնոջ հետ եք Հայաստանին համեմատում. Պաշտոնապես հայտարարում եմ` ՀՀ-ն որևէ երկրի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ. Միրզոյանը՝ Լևոն Քոչարյանին

«Երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը, իրավական աշխարհակարգը չկա, քո հարևանությամբ կան կողմեր, որոնք առաջնորդվում են «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքով, և քո անվտանգային մեխանիզմները այլ երկրների հետ չեն աշխատում, դու ուղղակի պարտավոր ես փորձել կառավարել այդ իրավիճակն այնպես, որ այդ մարտահրավերները քեզ ոչնչացնեն»։

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում 2023թ. կատարողականի մասին քննարկմանը ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին:

Նախարարն ընդգծեց, որ մեր օրերում ոչինչ չի կարող անվտանգության 100-տոկոսանոց երաշխիք լինել, սակայն իշխանություններն անում են քայլեր՝ ուղղված այդ անվտանգության աստիճանի բարձրացմանը, և քանի որ ՀՀ-ՌԴ անվտանգային մեխանիզմները չեն գործել, Արարատ Միրզոյանն ասաց. «Այդ պայմաններում ես ոչ միայն սխալ չեմ անում, այլև պարտավոր եմ փնտրել անվտանգային նոր մեխանիզմներ: Ես ուզում եմ այս մոլորության մեջ ոչ մենք ընկնենք, ոչ էլ հանրությանը ապակողմնորոշենք: Էնպես չէր, որ ամեն ինչ վարդագույն էր, և վարչապետ Փաշինյանը, ԱԳ նախարար Միրզոյանը կամ ՔՊ ֆրակցիան փորձեցին շրջադարձ անել դեպի Արևմուտք. ճիշտ հակառակը»:

Նախարարի խոսքով՝ հարցը վեր է բոլոր ներքաղաքական հակասություններից. «Մենք գործ ունենք մեր երկրի կյանքի և ինքնիշխանությանն ուղղված մարտահրավերների հետ: Ուստի պետք է դիագնոզը ճիշտ դնել»:

Արձագանքելով Լևոն Քոչարյանի համեմատությանը, թե Հայաստանը նմանվում է դավաճանված կնոջ, և ինքն էլ ամուսնուն է դավաճանում՝ դառնալով «փչացած», Արարատ Միրզոյանն ասաց. «Ես անկեղծորեն ցավում եմ, որ մեր կարգավիճակն այդպես եք տեսնում և դավաճանվող կնոջն եք նմանեցնում, որը պարտավոր է համակերպվել:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ-ն որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ. Արևմուտքի հետ մեր հարաբերությունների խորացումը ուղղված չէ ՌԴ-ի դեմ»: