27/07/2024

Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել. Ստանո

Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանը (ԵՄ)՝ անդամակցելու հայտ ներկայացնելու համար, իսկ երկրի ինտեգրման հետագա որոշումը կախված է ԵՄ բոլոր երկրների հավանությունից:

Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Երկրներն իրավունք ունեն ձգտել հասնել իրենց ժողովրդի ավելի լավ ապագայի: Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր, նրա ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշի, թե ցանկանո՞ւմ է դիմել՝ ԵՄ-ին միանալու համար»,- ասել է Ստանոն։

Նրա խոսքով, երբ տվյալ պետությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում, անդամ երկրները դիտարկում են այն, այնուհետև համապատասխան որոշում են կայացնում՝ հիմնվելով ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների վրա։

504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ ձայներով Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով առաջարկվում է Հայաստանին Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:

Բանաձևով Եվրամիության կառույցներին կոչ է արվում աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության և այլ ոլորտներում:

Ընդգծվել է, որ Ժամանակն է նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսել:

Բանաձևով եվրապատգամավորներն աջակցություն են հայտնել Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանը, որը հիմնված կլինի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան սահմանների փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա:

Բանաձևում մեջբերվել է ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ The Telegraph-ին տված հարցազրույցում արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:

Միաժամանակ ասվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները:

Բաքվին ուղղված կոչով առաջարկվել է երկխոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, ապահովել նրանց անվտանգությունը և վերադարձի իրավունքը, ազատել Ադրբեջանում պահվող՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԽ ընդունած բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա՝ ակնկալելով արձագանքներ: