27/07/2024

Հայտնի է Ֆուչիկի փողոցում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը

Պարզվել է Երևանում Ֆուչիկի փողոցում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

Այսպիսով՝ վիրավորներն են Արարատի մարզում հաշվառված 29-ամյա Գ. Ղազարյանը, որը հիվանդանոց է տեղափոխվել նռնակի պայթյունի հետևանքով, բեկորային վնասվածքներով «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իսկ մյուս վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Ա. Ղազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ էին հնչել Երևանում։ Կեսգիշերն անց բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել էին վիրավոր քաղաքացիներ ու արնանման հետքեր։

Դեպքի վայրում նաև հայտնաբերվել էին կրակոցից վնասված ավտոմեքենաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի ավտոմեքենան, որի վրա եղել է կրակոցի հետք։

Ավելի ուշ պարզվեց, որ այն եղել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի ծառայողական մեքենան: Խանդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է, որ վնասված մեքենաներից մեկը իրեն է պատկանում, սակայն այն միջադեպի հետ առնչություն չունի: Նրա ծառայողական ավտոմեքենան պարզապես կայանված է եղել նշված փողոցի վրա և վնասվել է կրակոցների հետևանքով:

«Ես և վարորդը ավտոմեքենայի մեջ չենք եղել: Միջադեպը ինձ հետ որևէ առնչություն չունի»,- գրել է նա:

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Նշվում է, որ 2024 թվականի մարտի 15-ին՝ ժամը 00:18-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում լսվել են կրակոցներ, պայթուցիկ են նետել, վիրավոր քաղաքացի կա։ Նաև՝ անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Աշտարակի խճուղում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։

Ավելի ուշ «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Աշտարակի խճուղուց բեկորային վնասվածքներով շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1995թ. ծնված, Արարատի մարզի մի բնակչի։ Նաև՝ «Հերացի թիվ 1 համալսարանական» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Ֆուչիկի փողոցից հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը ձախ սրունքի հրազենային վիրավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1986թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ տղամարդու։

Նշված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (երկու դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձևավորվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն:

Դեպքի վայրի՝ Երևան քաղաքի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 11-րդ և 13-րդ շենքերի միջնամասում գտնվող ճանապարհի երթևեկելի հատվածի զննությամբ տարբեր տեղերից հայտնաբերվել են բազմաթիվ արնանման հետքեր, պայթեցված նռնակի մետաղական դետալներ, կրակված տարբեր փամփուշտների բազմաթիվ պարկուճներ: Հայտնաբերվել են նաև դիմակ և այլ իրեր: Վերցվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են դեպքին և դրան մասնակից անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք քննությամբ ստուգվում են:

«Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ քրեական վարույթը, հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով, փոխանցվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին։

Իրականացվում են անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունները պարզելու, բոլորին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: