19/04/2024

Վերջին 5 տարում ՃՏՊ-ներից զոհվել է 1755 անձ, մի բավական մեծ գյուղի չափ մարդ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է վիճակագրություն 2023թ. ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ), դրանց պատճառով վիրավորված և զոհված քաղաքացիների վերաբերյալ:

Վերջինիս հաղորդմամբ՝ տվյալները տրամադրել է Ներքին գործերի նախարարը։

«2023թ. ընթացքում թե՛ ՃՏՊ-ների, թե՛ վիրավորների, թե՛ զոհերի թիվն աճել է:

2023թ. ՃՏՊ-ների պատճառով զոհվել է 378 քաղաքացի՝ 2022թ.-ի 320-ի համեմատ: Աճը՝ 18.1%:

2023թ. ՃՏՊ-ների պատճառով վիրավորվել է 6538 քաղաքացի՝ 2022թ.-ի 6154-ի համեմատ: Աճը՝ 6.2%:

2023թ. ՃՏՊ-ների թիվը եղել է 4614՝ 2022թ.-ի 4306-ի համեմատ: Աճը՝ 7.2%:

Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ ճանապարհային երթևեկության անվտանգության առումով 2023թ.-ին ունեցել ենք հետընթաց՝ 2022թ.-ի համեմատ, թեև 2022թ.-ին ունեցել էինք առաջընթաց 2021թ.-ի համեմատ: Իհարկե, 100.000 բնակչին ընկնող զոհերի թվով մենք միշտ բարձր զոհերով երկրների շարքին ենք դասվել: 2023թ. համար այդ թիվը 12.6 է, սակայն կարող էր լինել, օրինակ, 3.7, ինչպես Գերմանիայում է, որտեղ մայրուղիների վրա արագության սահմանափակում անգամ չկա:

Միայն վերջին 5 տարիներին ՃՏՊ-ներից զոհվել է 1755 անձ՝ մի բավական մեծ գյուղի բնակչության չափ մարդ:

Ինչո՞ւ ենք մենք յուրաքանչյուր առանձին անժամանակ մահվան կամ զոհի դեպքում, կլինի դա երկրի պաշտպանության ժամանակ կամ այլ պատճառով, այդքան ցավում, բայց այս հարյուրավոր ու հազարավոր զոհերի նկատմամբ այսքան անտարբեր:

Վերջին 5 տարում ՃՏՊ-ներից զոհված այս 1755 քաղաքացիներից մեկը կարող էինք լինել մենք կամ մեր հարազատներից որևէ մեկը, և, դժբախտաբար, որոշ դեպքերում հենց այդպես էլ եղել է:

Ինչո՞ւ ենք մենք այդքան անհանդուրժող, երբ այս կամ առիթով խոսում ենք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման կարևորության և դրան նպաստող գործողությունների իրականացման մասին:

Չե՞նք ուզում ի վերջի փրկել մեզ, մեր երեխաներին, մեր հարազատներին և ընկերներին:

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը կախված է երեք գործոնից.

– վարորդների վարքագծից (ՃԵԿ կանոնների պահպանում)

– ճանապարհային ենթակառուցվածքներից (ճանապարհների ծածկույթ, գծանշումներ, նշաններ),

– տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակից (ամբողջական տեխ.զննում ևն):

Եթե մենք այս երեք գործոնների մասով էական բարելավում չունենանք, ապա այս վիճակագրությունը, որն իրականում կյանքեր են, ոչ թե թվեր, գնալով վատանալու է»,- գրել է նա: