22/07/2024

Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի, ՀՀ-ում գործող 60 բուհերը մեզ համար դեղին նշան են․ վարչապետ

ՀՀ-ում գոյություն ունի 60 ԲՈՒՀ։ Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի․ այս մասին այսօր ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետը։

Ըստ նրա՝ բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք։

«Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք։ 60 ԲՈՒՀ նշանակում է 60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1,000 դեկանի տեղակալ։ Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարվածություններ են առաջանում, քանի որ մենք խոսում ենք հարյուրավոր և հազարավո մարդկանց, իրենց տեսակետից, այդ կարգավիճակներկց զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման և զարգացման մասին է։

Այդ 60 բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում, որովհետև մենք խոսում ենք Հայաստանի միջազգային հեղինակության մասին, բայց միջազգային մամուլում առնվազն տասնյակ հրապարակումներ են եղել, թե ինչպես են Հայաստանում գործում բուհեր, որոնք ֆեյք դիպլոմներ են վաճառում և այդպես շարունակում։

Որպես կառավարություն զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինություն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթե մենք ՀՀ-ում ԲՈՒՀ-երը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի ԲՈՒՀ հավաստագրում չի ստանա»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ Ակադեմիական քաղաքը չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։․ «Ի վերջո, Երևանում երկարաժամկետում ԲՈՒՀ չպետք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի։ Հայաստանյան բոլոր բուհերը՝ հայաստանյան թե օտարերկրյա, մասնավոր թե պետական, պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»։