27/07/2024

Կամ հող տան, կամ՝ 1 քառ․մետրի դիմաց 2 հազար դրամ

Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները, որ 5 օր առաջ փակել էին Ապարան-Երեւան ճանապարհը, բողոքում են, որ իրենց հողերը կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել, եւ առաջարկել են մեկ քառակուսի մետրի համար շուկայականից ցածր գին՝ 300 դրամ։

Հրապարակ թերթը գրել է․ Այդ տարածքում գտնվող «Ռիդ» ընկերությունը, որի սեփականատերերը Ռուսաստանից են, պետք է ճոպանուղի եւ լեռնադահուկային համալիր կառուցի: Վարդենուտից Նարեկը մեզ հետ զրույցում ասաց, որ եկող երկուշաբթի Արագածոտնի մարզպետարանում հանդիպելու են պատասխանատու պաշտոնյաների հետ։ Վարդենուտցիներն իրենց պահանջից չեն հրաժարվելու։

Զրուցակիցս ասում է՝ կա՛մ իրենց հող կտան, կա՛մ քառակուսի մետրի համար գնող ընկերությունը կվճարի 2 հազար դրամ։ «Մենք անօրինական գործողություն չենք անում, մեր շահերն ենք պաշտպանում։ Կա՛մ թող մեր հողերին համապատասխան հող տան մեր տարածքում, կա՛մ էլ քառակուսի մետրի համար վճարեն 2 հազար դրամ։ Մենք՝ գյուղացիներով, կանչել ենք գնահատող կազմակերպություններ, որոնք մեր հողերի շուկայական արժեքը գնահատել են 1800-2800 դրամ, մենք միջինացրել ենք, որ գոհ լինեն ե՛ւ գյուղացիները, ե՛ւ «Ռիդը»»։

«Ռիդն» ուզում է ամառային եւ ձմեռային զբոսաշրջային կենտրոն, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոն եւ ջրամբար կառուցել Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրերում։ Երբ վարդենուտցիները ճանապարհ էին փակել, «Ռիդը» հայտարարություն տարածեց, որ վարդենուտցիներն այս եղանակով «շանտաժ են անում եւ անհիմն պահանջներ ներկայացնում» իրենց։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանից փորձեցինք ճշտել՝ ինչ դիրքորոշում ունի այս խնդրի վերաբերյալ։ Ասաց, որ աշխատանքային խումբ է ձեւավորվել, առաջին հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ Արագածոտնի մարզպետարանում։ Ընդգրկված են վարդենուտցիներ, մարզպետարանի, «Ռիդ» ընկերության, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։

Մարզպետն ասաց․ «Ընկերությունը մի բան է ասում, գյուղացիները՝ այլ բան։ Որպեսզի այս հարցին վերջնական լուծում տանք, ստեղծել ենք այս աշխատանքային խումբը։ Երկուշաբթի առաջին հանդիպումը կլինի, որից հետո պարզ կդառնա»։ Այս գործին ծանոթանալով՝ դեժավյուի զգացում ես ունենում․ կարծես թե Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի փողոցի վտարումների ժամանակները վերադառնում են: