05/10/2024

«Կասկադյորական» վթար՝ Արմավիրում․ Opel-ն օդային թռիչքով մխրճվել է վագոն-տնակի մեջ, վիրավորներ կան․ Լուսանկարներ

Երեկ «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 21։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Դավիթ Ներսեսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ջրառատ-Արաքս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Արաքս գյուղի վարչական շրջանում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանիսը արմատախիլ արել և մխրճվել վագոն-տնակի մեջ, անցնելով տնակի ննջասենյակի միջով, ապա հայտնվել բնակչի հողամասում՝ բախվելով ծառին։

«Կասկադյորական» վթար՝ Արմավիրում․ Opel-ն օդային թռիչքով մխրճվել է վագոն-տնակի մեջ, վիրավորներ կան

Վթարի հետևանքով Դ․ Ներսեսյանն ու վագոն-տնակում գտնվող, Ջրառատ գյուղի բնակիչներ 67-ամյա Ֆլորա Կարապետյանն ու 68-ամյա Ավագ Մկրտչյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճան։

Դեպքի վայրում, վագոն-տնակում բնակվող ամուսինն ասում էր․ «9։25 էր։ Ներսում էի կնոջս հետ ու մի քանի րոպե հետո պատրաստվում էին քնել, բայց երջանիկ պատահականություն էր, որ չգնացինք էն կողմ, մեկ էլ ուժեղ դմփոց, ասես երազ լիներ։ Մեքենան վագոն-տնակի միջով անցավ ու էդպես բան մենակ կինոներում կտեսնեինք։ Վարորդին օգնություն ենք ցուցաբերել ու էնքան ապերախտ էր, որ մի բան էլ մեզ էր մեղադրում, թե էս ինչ եք արել։ Վրայից խմիչքի ուժեղ հոտ էր գալիս ու մեզ վիրավորում էր, բայց մենք չիջանք նրա մակարդակին, օգնություն ցուցաբերեցինք, հետո նրան ու կնոջս տեղափոխեցին հիվանդանոց։ Մինչ այդ ոստիկաններն ու պարեկները եկան վարորդի խմածությունը ստուգեցին, լրիվ խմած էր, լավ-լավ, ոնց որ մենք, գյուղացիներս ենք ասում մինչև վարդապետի խազը տժժիկ էր»