27/07/2024

Ով է հանձնել Գորիս-Կապան մայրուղու մի հատվածը․ Փաշինյանն ասում է՝ ինքը, ՔՊ-ական պատգամավորը պնդում՝ ռուսները. fip.am

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Գորիս-Կապան մայրուղու մի հատվածը Ադրբեջանին են հանձնել ռուսները։

«Ռուսների հետ էին իրանք (ադրբեջանցիները,-խմբ․) կանգնած էդ տարածքում, ու մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին, ոնց որ Լաչինի միջանցքը»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։

Ինչպես է հանձնվել ճանապարհահատվածը

2020 թվականի դեկտեմբերին համացանցում հայտնվեց տեսանյութ, որում Գորիս – Կապան Մ2 ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական բանակի զինծառայողներ էին երևում։

Արդեն դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը որոշ տեղերում անցնում է «վիճարկելի տարածքով»։

«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս – Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս – Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքերը Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր հերթին հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ճանապարհին հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ։ ԱԱԾ-ն պնդում էր նաև, որ գործընթացի ավարտից հետո ճանապարհահատվածում «լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը», իսկ խնդիրների դեպքում ճանապարհի այդ մասով անցնող քաղաքացիներին հորդորում էր զանգել ԱԱԾ թեժ գծի հեռախոսահամարով։

Արդեն 2021 թվականի փետրվարին ցանցում հայտնվում է մի հուշագիր, որում    սահմանվում էին Գորիս – Դավիթ Բեկ – Կապան – Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

Փաստաթղթի առաջին հոդվածում նշվում էր, որ «հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։

Երկրորդ հոդվածը սահմանում էր, որ Գորիս – Դավիթ Բեկ – Կապան – Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և Ադրբեջանը՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։
Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում էին մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհներից մինչև սահմանապահ ուժերի տեղակայման վայր ընկած հատվածում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը:
Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները ապահովում էին ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հինգերորդ հոդվածում նշվում էր, որ Ադրբեջանն ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս – Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու իր իրավունքը։

2021-ի օգոստոսին Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ փորձ է արվում ներկայացնել, թե Հայաստանի կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել:

«Ես ուզում եմ այս հարցը մեկընդմիշտ փակել և ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին. դեկտեմբերի 19-ին ես ուղերձով եմ հանդես եկել և խոսել եմ Գորիս-Կապան հատվածում պրոբլեմների մասին: Ասել եմ, որ այդտեղ մենք խնդիր ունենք, և ըստ էության, ասել եմ հետագայում, որ մենք, այո, քաղաքական որոշում ենք կայացրել, և ես ամբողջությամբ այդ որոշման պատասխանատվությունը կրում եմ»,- ասել էր Փաշինյանը:

Նույն տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Գորիս – Կապան ճանապարհին ոստիկանական կետ տեղադրելու վերաբերյալ հաղորդագրություն տարածեց։

Օրեր անց՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հիշեցրեց 2010 թ. «Վարչատարածքային բաժանումների մասին» օրենքը, որի համաձայն՝ մայրուղու նշված հատվածը պատկանում է Ադրբեջանին։

«Որևէ այդպիսի փաստաթղթով խնդրո առարկա հատվածը ՀՀ տարածքում չի գտնվում։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ երեկվա իրադարձությունների թատերաբեմը միանշանակ ՀՀ տարածք է, ու մեզ ասում են` որտեղից գիտեք, մենք ասում ենք` մենք դա գիտենք այնպես, ինչպես գիտենք, որ Էյվազլի – Չայզանի հատվածը ՀՀ տարածք չէ»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանը թեմային անդրադարձել է նաև 2021 թվականի նոյեմբերի 11-ի կառավարության նիստում՝ նշելով, որ ճանապարհահատվածը Ադրբեջանի տարածքում է։

Այսպիսով, հայկական կողմն ամենաբարձր մակարդակում ընդունել է, որ Գորիս – Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը պատկանում է Ադրբեջանին, և այնտեղ տեղակայվել են ադրբեջանական ստորաբաժանումներ և ՌԴ սահմանապահ զորքեր եռակողմ պայմանավորվածության արդյունքում։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը չի պահպանել ճանապարհի այդ հատվածի օգտագործման պայմանների վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններն ու մաքսակետ տեղադրել այնտեղ, ինչի հետևանքով անհնար է դարձել ճանապարհահատվածով անարգել երթևեկությունն ու այն ապահովելու կոչված ռուսական ու հայկական ուժերի գործառույթների իրականացումը։

Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորի պնդումը, թե ճանապարհահատվածը հանձնել են ՌԴ սահմանապահները, չի համապատասխանում իրականությանը։

Նանե Մանասյան