09/10/2024

Որքան է ՌԴ-ում ապրող հայերի թիվը․ մարդահամարի տվյալները՝ ընդդեմ Պեսկովի

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 6-ին պնդել է, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՌԴ և ՀՀ վիճակագրական տվյալները՝ պարզելու այդ երկրում ապրող հայերի թիվը։

ՌԴ-ում վերջին մարդահամարի տվյալները

Ռուսաստանի պետական վիճակագրական դաշնային ծառայության համաձայն, վերջին մարդահամարն այդ երկրում անցկացվել է 2020-2021 թվականներին, տվյալները վերջնական ամփոփվել ու հրապարակվել են 2022 թվականին․ ըստ այդ մարդահամարի, ՌԴ-ում հայերի թիվը կազմել է մոտ 950 000։

Նշենք, որ ըստ մարդահամարի անցկացման մեթոդաբանության, ՌԴ-ում բնակչության էթնիկ կազմի տվյալները ստացվել են՝ «Ձեր ազգային պատկանելիությո՞ւնը» հարցի պատասխանների հիման վրա՝ համաձայն ՌԴ սահմանադրության 26-րդ հոդվածով սահմանված՝ մարդու սեփական ազգությունը որոշելու և նշելու իրավունքի։

Այսպիսով, ՌԴ-ում 950 000 մարդ է ապրում, որն իրեն ազգությամբ համարում է հայ, և այդ երկրի պաշտոնական տվյալները հիմնվում են հենց այդ փաստի վրա։

Հատկանշական է, որ նախորդ՝ 2010 թվականի մարդահամարի տվյալներով, այդ թիվը կազմել է 1,182 մլն մարդ․ փաստացի, այդ երկրում իրենց հայ համարողների թիվը զգալիորեն կրճատվել է վերջին 10 տարում։

ՀՀ պաշտոնական տվյալները

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարդահամարի տվյալներով՝ մեր երկրում բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2․932 մլն մարդուց 2,875 մլն-ը, ազգությամբ հայ են։

Այսպիսով, ՌԴ և ՀՀ պաշտոնական տվյալները հակասում են ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պնդումներին․ Հայաստանում, համաձայն այդ տվյալների, 3 անգամ ավելի շատ հայ է ապրում, քան ՌԴ-ում։

Նանե Մանասյան