05/10/2024

Ալիեւի գործակալին «վառել» են, որպեսզի ավելի բարդ եւ պատասխանատու բացահայտումներ չարվե՞ն

Բաքվի իշխանական haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը շուրջ մեկ ամիս է՝ գտնվում է Իսրայելում, որտեղից պարբերաբար ռեպորտաժներ, վերլուծական նյութեր եւ տեսահարցազրույցներ է հրապարակում:

«Ստեղծագործական գործուղման» ավարտին նա հայտնվել է թիրախում: Թուրքական Türkiyə պարբերականը խմբագրական հոդված է հրապարակել եւ պնդել, որ նա «Մոսադի» կողմից հավաքագրվել է, որպեսզի Հարավային Կովկասում գործակալական ցանց ստեղծի: Ֆաթուլլաեւն այդ առթիվ հանդես է եկել մեկնաբանությամբ:

Նա ասել է, որ տեղյակ է, որ այդ հոդվածը գրվել է Բաքվում, հրապարակվել Թուրքիայում բնակվող մի ադրբեջանցի լրագրողուհու միջոցով: Նա հավաստիացրել է, որ Ստամբուլում փաստաբան է վարձել, որպեսզի համապատասխան հայցով դիմի դատարան: «Թուրքիան ժողովրդավարական եւ օրինական երկիր է, թուրքական դատարանը կպատժի կեղծախոսներին եւ ստորներին»- ասել է Ֆաթուլլաեւը եւ ավելացրել, որ գիտի «նաեւ պատվիրատուներին, բայց նրանց հասնելւ շատ բարդ կլինի»: Ըստ էության, նա խոստովանել է, որ Ադրբեջանը ոչ ժողովրդավարական, ոչ օրինապաշտ երկիր է, որտեղ հնարավոր չէ դատական կարգով հասնել արդարության վերականգնմանը:

Բայց ավելի հետաքրքիր է հանգամանքը, որ նրա համոզմամբ իր դեմ հոդվածը գրվել է Բաքվում, ինքը գիտի պատվիրատուներին, սակայն նրանց հասնելը, այսինքն՝ պատասխանատվության կանչելը, շատ բարդ է:Ստացվում է, որ Ֆաթուլլաեւն անուղղակի ասում է, որ հոդվածի պատվիրատուն Բաքվում է, ինքը նրան գիտի, բայց պատասխանատվության չի կարող կանչել:

Կարելի է ենթադրել, որ Ֆաթուլլաեւի «ստեղծագործական գործուղումը» կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները: Ի՞նչ առաջադրանք է նա ունեցել: Դատելով Ֆաթուլլաեւի հրապարակած նյութերից, նա փորձել է հասկանալ, թե գործող վարչապետ Նաթանյահուն հանրային-քաղաքական ի՞նչ աջակցություն ունի եւ հրեական հանրությունն ինչպես է վերաբերվում Պաղեստինի անկախության հռչակմանը:

Երեւում է, ինչ-որ տեղ Ֆաթուլլաեւը «վառվել է»: Կամ շատախոսել է, կամ դրսեւորել լրագրողին ոչ յուրահատուկ, ընդգծված հետաքրքություն: Ուշագրավ է, որ ադրբեջանցի լրագրողին «Մոսադի» գործակալ է անվանում թուրքական թերթը, իսկ պատվիրատուն Ադրբեջանի իշխանություններին կամ հատուկ ծառայություններին մոտ կանգնած անձ է կամ՝ շրջանակ:

Նա խոստովանում է, որ Բաքվում իրեն համարում են նաեւ ռուսական հատուկ ծառայությունների գործակալ: Ալիեւի գլխավոր քարոզիչն Իսրայելում «վառվե՞լ է»: Իսկ գուցե նրան «վառել» են, որպեսզի ավելի բարդ եւ պատասխանատու բացահայտումներ չարվե՞ն: