15/10/2024

ԱՄՆ նախագահն Ադրբեջանի հետ կապերի ժամկետ է նշում՝ նկատի ունենալով, որ տարեվերջին նախագահական ընտրություններ են

Նավրուզի առթիվ ԱՄՆ նախագահ Բայդենը շնորհավորել է Իլհամ Ալիեւին եւ Ադրբեջանի ժողովրդին: Մաղթում եմ ձեզ Նավրուզի խաղաղ եւ բարեկեցիկ տոնակատարություն:

Այն ժամանակ, երբ մենք նշում ենք նորացման եւ մտորումների շրջանը, Միացյալ Նահանգները հաստատում է մեր երկրների միջեւ անփոփոխ գործընկերությանը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղության հասնելուն հավատարմությունը, որ կնսպաստի ապագա սերունդների համար տարածաշրջանում անվտանգությանը: Այս տարվա ընթացքում ես ցանկանում եմ համատեղ աշխատել ձեզ հետ տարածաշրջանային կապերի եւ տնտեսական զարգացման ընդլայնման վրա,-ասված է Բայդենի շնորհավորական ուղերձում, որ հրապարակել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Ուղերձի տոնայնությունը բավական զուսպ է, եթե նկատի ունենանք, որ Միացյալ Նահանգները նման դեպքերում ավանդաբար շեշտադրել է Կասպից ավազանի էներգետիկ եւ Ադրբեջանի կոմունիկացիոն հնարավարությունները, նախագծերին իր աջակցությունը, իսկ ավելի վաղ Վաշինգտոնը կարեւորել է նաեւ ահաբեկչության դեմ պայքարին Բաքվի դրական ներգրավվածությունը: Բայդենը խոսում է «տնտեսական զարգացման ընդլայնման» մասին՝ զուգորդելով Հարավային Կովկասում ինտեգրացիայի նպատակահարմարության հետ՝ առանց մասնավորեցնելու, թե ինչ նախագծումներ է նկատի ունենում: ԱՄՆ նախագահը չի անդրադարձել նաեւ նոյեմբերին Բաքվում անցկացվելիք կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովին:

Այս առումով հետաքրքիր է, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում Բայդենի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քերին հանդիպել է Իլհամ Ալիեւին եւ մամուլին տեղեկացրել, որ կլիմայի հարցերով Բաքվի միջազգային միջոցառմանը Միացյալ Նահանգները ներկայացնելու է ինքը: Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի եւ Իլհամ Ալիեւի բանակցություններից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի էներգիտիկայի նախարարը մեկնել է Վաշինգտոն: Բայդենի ուղերձից դատելով՝ կողմերի միջեւ հստակ պայմանավորվածություններ չկան: ԱՄՆ նախագահն Ադրբեջանի հետ կապերի ժամկետ է նշում՝ նկատի ունենալով, որ տարեվերջին նախագահական ընտրություններ են:

Ուղերձում խոսք չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության, բանակցությունների հարթակ տրամադրելու մասին: Պետական դեպարտամենտի Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Բոնոն վերջերս Երեւան է այցելել: Բաքվի մամուլն ակնարկում է, որ առաջիկայում նա կայցելի նաեւ Ադրբեջան: Վաշինգտոնում հայ-ադրբեջանական նախարարական հանդիպում կազմակերպելու հավանականությունը, սակայն, ադրբեջանցի փորձագետները «շատ ցածր» են գնահատում: Իշխանամերձ մամուլը խոսում է «Թբիլիսիում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելու հեռանկարի» մասին:

Միացյալ Նահանգները կորցրե՞լ է հայ-ադրբեջանական «պատմական հաշտության» նկատմամբ հետաքրքրությունը, թե՞ նախագահ Բայդենը մինչեւ տարեվերջ դրան հասնելու իրական նախադրյալներ չի տեսնում եւ անմիջական ներգրավվածության ձգտում չի ցուցաբերում՝ եւս մի բարդ խնդրով նախընտրական քարոզարշավը չծանրաբեռնելու համար: Ադրբեջանը ներկայումս խնդիր ունի հավասարակշռել իր կոմունիկացիոն-լոգիստիկ հնարավորություննորով Ռուսաստանի, Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի հետաքրքրվածությունը, որն, ըստ երեւույթին, սուր մրցակցային է: Իլհամ Ալիեւն, իհարկե, գերագնահատել է հնարավորությունները, երբ ասել է, որ Ադրբեջանը եւ Ֆրանսիան պայքարում են Հարավային Կովկասում առաջնորդության համար:

Խնդիրն, ամենայն հավանականությամբ, նրանում է, թե ու՞մ շահերն է սպասարկում նա՝ կոշտ դիմակայության մեջ մտնելով Ֆրանսիայի հետ: «Պատվիրատուն» Ռուսաստա՞նն է, Միացյալ Նահանգնե՞րը, Մեծ Բրիտանիա՞ն, թե՞՝ Եվրամիության մեկ այլ ազդեցիկ երկիր: Գուցե նա Թուրքիայի՞ց է այդպես հրահանգավորվել: Բոլոր տարբերակները հավանական են թվում, բայց Ադրբեջանից Միացյալ Նահանգների «նահանջը» կարող է միայն մարտավարական լինել: Գարնանային տոնի առթիվ Ալիեւին Բայդենի շնորհավորանքը հրապարակվել է Վրաստանի վարչապետի Բաքու այցի օրը: Պատահակա՞ն է:

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասել է, որ հասկանում են վրացի գործընկերներին եւ, այնուամենայնիվ, կցանկանային, որ Վրաստանը ներգրավվեր 3+3 տարածաշրջանային ձեւաչափով այս տարի Թուրքիայում նախատեսվող քննարկումներին: ԱՄՆ-ը Վրաստանին ազդա՞կ է հղում: Ֆրանսիան Եվրամիության «սուվերենությամբ» հակադրվու՞մ է Միացյալ Նահանգներին: Հնարավո՞ր է Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի ռուս-թուրք-բրիտանական համաձայնություն: