27/07/2024

Մոսկվայի հայերի միության շենքում ծեծել են 20-ամյա հայի․ ինչ կապ ունի նա Արա Աբրահամյանի հետ

Մարտի 12-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հայերի միության շենքում, ինչի հետևանքով Մոսկվայում բնակվող Արեն Երգանջյանը մարմնի և գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Այս մասին ասել է 20-ամյա Երգանջյանը։ Նա նշել է, որ Արտյոմ Վարդանյան անուն-ազգանունով անձն իր աշխատասենյակում իր մազերից բռնել է ու գլուխը մի քանի անգամ հարվածել պատին։

«Արձանիկ կար, դրանով է նաև խփել։ Ոտքը դրել էր փորիս, մի ձեռքս բռնել էր, որ չկարողանամ պատասխանել ու սկսեց խփել։ Մինչև խփելն էլ ինձ հայհոյում էր։ Հարվածներից ես ուշաթափվել եմ, ընկերներս տարել են հիվանդանոց, ուղեղի ցնցում է ախտորոշվել, քիթս է կոտրվել, երկու ատամ եմ կորցրել»,- մնարմամասնել է նա:

Ըստ ենթադրյալ տուժողի՝ 2023 թվականին նշված անձի օգնականն իրեն հրավիրել է Հայերի միության շենք, ծանոթացրել Արտյոմ Վարդանյանի հետ, առաջարկել, որ ղեկավարի երիտասարդական կենտրոնը, ինքն էլ համաձայնել է։

«Ինձ տրամադրեցին մի սենյակ, որը ես վերանորոգեցի, ներգրավեցի երիտասարդներին, միջոցառումներ էի կազմակերպում։ Մի օր իրենք ինձ կանչեցին և ասացին, որ այդ սենյակում, որը ես էի վերանորոգել, պետք է սրճարան գործի, դրանից սկսվեց տարաձայնությունները։ Ինձ մի քանի անգամ ասել են, որ այդ շենք չգամ, թե չէ դանակը կկոխի կոկորդս, կմորթի, կվերացնի։ Ես էլ իմ իրերի հետևից եմ գնացել։ Նկարներ ունեի, դրանք եմ հավաքել, տարել, ինքը դրանից ջղայնացել է: Տանելու հաջորդ օրը ինձ կանչել է իր աշխատասենյակ ու խփել է»,- պատմել է Արեն Երգանջյանը:

Ըստ սկզբնաղբյուրի՝ Արտյոմ Վարդանյանը Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի լիիրավ ներկայացուցիչն է։

Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։