27/07/2024

Ես չեմ պատրաստվում հանդուրժել այդ այլանդակությունները՝ անկախ դատական վճիռներից. Տիգրան Ավինյանը՝ Երևանի կենտրոնում սրճարանների մաքրման մասին

«Կարծում եմ՝ արդեն ժամանակն է սկսելու գարնանային մաքրման աշխատանքները, մասնավորապես Երևանի կենտրոնում տարատեսակ մշակութային հուշարձաններին հարակից սրճարանների և նմանատիպ կառույցների, որոնք այդ հատվածներում պետք է նախատեսված չլինեին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հանձնարարեց սկսել կոնկրետ դեպքերով իրավական լուծումները հետազոտել:

Նրա խոսքով՝ կան սրճարաններ, որոնք բացարձակ իրենց տեղում չեն. «Պետք է մաքրվեն: Տարատեսակ իրավական կետերին հղումներ անելով պահպանել այդ այլանդակությունները ես չեմ պատրաստվում հանդուրժել»:

Նա ընդգծեց, որ չի պատրաստվում հանդուրժել նաև տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինությունների օրինականացումը այն հատվածներում, որտեղ ծառեր պետք է լինեն. «Ես հաշտ չեմ այդ վճիռների հետ, և դա խնդիր է լինելու մինչև այն պահը, երբ մենք իրավական լուծումները գտնենք: Եվ ես կարծում եմ՝ մենք չպետք է թույլ տանք քաղաքը այլանդակել՝ անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են»:

Հաղթանակի 40 ամյակի հուշահամալիրի այգու բարեկարգման աշխատանքներն ավարտված են, իսկ այգու հուշարձանի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները կատարված են 90 տոկոսով, ներկայումս կատարվում են հուշարձանասյան երեսպատման աշխատանքներ:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ավելացվեց, որ թերություններ կային մասնավորապես շատրվանների, լողավազանի ներկի հետ կապված. «Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չէին կարողանում աշխատանքները կատարել, այսօր արդեն սկսելու են ներկել»:

«Դեռևս բարենպաստ չի, անձրև է գալիս, կարծում եմ, այնուամենայնիվ, պետք է սկսել այն ժամանակ, երբ իրականում պետք է սկսել»,- արձագանքեց Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետը նկատեց, որ, սկսած ներկի որակից, տեխնիկական առաջադրանքներում պետք է հավելյալ ստանդարտներ դրվեն, այլապես այդ պրոցեսը կարող է անվերջ տևել: «Այս նոր քաղաքականությունը պետք է վերաբերի բոլոր ոլորտներին:

Նախազգուշական հանդիպումների ֆորմատից պետք է անցնել պայմանագրերի խզման ֆորմատին, որպեսզի նաև այդ անվերջանալի բանակցություններն էլ չլինեն: Տևական ժամանակ է, որ մենք մեր պահանջները դնում ենք, կարծում եմ՝ ժամանակն է անցնելու այն մեթոդին, որը նախատեսված է պայմանագրերով»,- ընդգծեց Ավինյանը: