27/07/2024

Ի՞նչ փոփոխություններ են ծավալվելու ՌԴ իշխանության ներսում

Այն, որ ՌԴ նախագահի ընտրությանը հաղթելու էր Պուտինը, կասկած չէր հարուցում որեւէ ողջախոհ մարդու մոտ: Հարցն այն էր, թե ի՞նչ տոկոս էր գրվելու Պուտինի դիմաց: Ընդ որում, հարկ է նկատել, որ Պուտինը թերեւս ընտրվել է իրապես ժողովրդական քվեարկությամբ:

Այլ հարց է, թե ի՞նչ պայմաններում է կազմակերպվել եւ իրականացվել այդ քվեարկությունը, ինչ հնարավորություններ են ունեցել Պուտինի մրցակիցները, ընդ որում ոչ թե տվյալ օրերին, այլ տարիների ընթացքում, որովհետեւ քաղաքական մրցակցությունը տարիների հարց է, ոչ թե օրերի:

Սակայն, այս հարցերն ինքնին Ռուսաստանի պարագայում նորություն չեն եւ ներռուսաստանյան հասարակական-քաղաքական կյանքի դրվածքն ու շերտերի զգալի մասը ակնառու են վաղուց: Հենց այդ առումով էլ պարզ էր, թե ինչ արդյունք էր ստացվելու նախագահի ընտրությանը:

Պուտինը նախագահ է վերընտրվել ավելի քան 87 տոկոս ձայնով: Սակայն, սա ամենեւին չի նշանակում, որ ընտրությունը իսպառ զուրկ էր ինտրիգից: Պարզապես, դրա ինտրիգը ոչ թե ներքաղաքական, այլ ներիշխանական էր, կամ ավելի շուտ՝ է: Ի՞նչ փոփոխություններ են ծավալվելու ՌԴ իշխանության ներսում:

Ընտրությունից առաջ արդեն իսկ աշխուժորեն սկսել էր խոսվել այն մասին, որ վարչապետի պաշտոնը կարող է թողնել Միշուստինը: Սա հազիվ թե լինի լոկ կադրային փոփոխություն: Այդ փոփոխությունները արտացոլելու են ՌԴ իշխանության ներսում ուժերի հարաբերակցությունը, իշխանական այս կամ այն խմբի դիրքերի ամրացումը կամ թուլացումը:

Իսկ այդ իրողությունները, լինելով ներռուսաստանյան, այդուհանդերձ նաեւ ունեն միջազգային նշանակություն, հաշվի առնելով այն, որ ՌԴ խոշոր միջազգային խաղացող է, առավել եւս այսօր՝ ուկրաինական պատերազմի ընդգրկուն աշխարհաքաղաքական շերտավորման պայմաններում:

Ներռուսաստանյան վերադասավորումների, կամ հնարավոր վերադասավորումների հանգամանքը անխոս ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի վրա, թե ռեգիոնալ համատեքստում, թե հենց ներհայաստանյան, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը անշուշտ ունի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության կոմունիկացիոն այսպես ասած «խորը» հնարավորություններ:

Այդ իմաստով, ՌԴ նախագահհի ընտրության բուն «ինտրիգը» թերեւս նոր է միայն սկսում: Այյդ թվում նաեւ ավելի լայն միջազգային իրողությունների առումով: Մասնավորապես, ընտրության նախնական արդյունքի հանրայնացումից անմիջապես հետո Պուտինը ծավալուն ելույթ եւ ասուլիս է տվել, որում արել է միջազգային մի քանի նշանակալի հայտարարություն:

Դրանցից օրինակ կարող է ուշագրավ լինել այն, որ Ռուսաստանն արդեն իսկ դրական է արձագանքել Փարիզում տեղի ունենալիք օլիմպիական խաղերի ժամանակ հրադադար հաստատելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ակնկալիքին, որի մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր օրեր առաջ:

Պուտինը հայտարարել է, որ դրական է վերաբերում, թեեւ Ռուսաստանը գործելու է սեփական շահից ելնելով: Սա թերեւս ակնարկ է, որ Ռուսաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ քննարկել այդ հարցը քաղաքական համատեքստում: Ուշագրավ է, որ Մակրոնն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ, եթե Պուտինը զանգահարի, ինքը կվերցնի հեռախոսը, որովհետեւ նրա հետ խոսելը իր պարտականությունն է:

Պուտինն էլ նախօրեին գիշերը խոսելով Ֆրանսիայի մասին, որն այս օրերին կարծես թե վերցրել է հակառուսական արմատականության դրոշակ, ասել է, որ Ֆրանսիան կարող էր լինել հակամարտության կարգավորման միջնորդ, ավելացնելով, թե՝ դեռ ամեն ինչ կորած չէ: Սրանք առանձնացնում եմ, որովհետեւ հատկապես «ֆրանսիական թեման» այս շրջանում արդիական է նաեւ Հայաստանի համար:

Միաժամանակ, Պուտինի հետընտրական հայտարարությունները այդ առնչությամբ ուշագրավ են այն դիտարկումների ֆոնին, որ տարբեր առիթներով արել եմ Հայաստանի եւ Կովկասի ուղղությամբ Ֆրանսիայի քաղաքականության հավակնության եւ քայլերի առնչությամբ: