Մոտ երկու ամիս տեւած խորհրդապահական քննարկումներից հետո Ռուբեն Վարդանյանը լայն լիազորություններով, այդ թվում նաեւ արտաքին քաղաքականության հարցերում, նշանակվեց Արցախի պետական նախարար:
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Պրահայի բանակցություններից, Ազգային ժողովում հայտարարել էր, որ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ ապառազմականացման հարցը եւ եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա Պաշտպանության բանակը կունենա բոլորովին այլ գործառույթներ:
Կարճ ժամանակ անց ՀՅԴ Արցախի կառույցի «Ապառաժ» պաշտոնաթերթը հրապարակայնացրեց, որ գրավոր հարցում է հղել Արցախի Անվտանգության խորհրդին՝ մեկնաբանություն ստանալու, թե ԼՂ-ում եւ նրա շուրջ ապառազմականացում իրականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի: Լրատվամիջոցը հրապարակել էր ԱԽ-ի գրավոր պատասխանը, որտեղ ասվում էր, որ ԱՀ իշխանությունները Պաշտպանության բանակը թուլացնելու նպատակ չունեն, ընդհակառակը, ամեն ինչ արվում եւ արվելու է, որպեսզի այն վերափոխվի ռազմավարական խնդիրներ լուծելու ունակ զորամիավորման:
Երկու շաբաթ անց՝ 2022թ. դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի «էկոակտիվիստները» փակեցին Շուշի-Քարինտակ խաչմերուկը, կազմակերպվեց ռուսական զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովի «ճեպազրույցը»: Նա հայտարարեց, որ քննարկվում է Լաչինի միջանցքի սկզբնամասում «մինի մաքսակետ ստեղծելու հարցը»: Մի քանի ժամ անց «էկոակտիվիստները» դադարեցրին ակցիան:
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրում «մեկանգամյա դիտարկում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դեկտեմբերի 10-ին հանքավայրերի աշխատակիցները եւ հարակից համայնքների բնակիչներն արգելափակեցին ճանապարհները, պայմանավորվածությունը ձախողվեց: Երկու օր անց ադրբեջանցի «էկոակտիվիստները» վերստին արգելափակեցին Շուշի-Քարինտակ խաչմերուկը, իսկ ռուսական զորախումբը հանեց իր դիտակետը:
Լաչինի միջանցքն արգելափակվեց, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գտնվում էր Ֆրանսիայում: Ըստ չհաստատված, բայց եւ չհերքված տեղեկության, մինչ այդ Երեւանում նա կարճատեւ հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ:
Ի՞նչ ուղերձ է փոխանցել նրան Ռուսաստանի նախագահը կամ ի՞նչ խնդիր է Պուտինին ներկայացրել Արայիկ Հարությունյանը՝ հայտնի չէ: Փաստացի ադրբեջանցի «էկոակտիվիստներին» Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր մուտք գործելու պայմանավորվածությունը խախտվել է Արայիկ Հարությունյանի բացակայությամբ: Երեւանից Ստեփանակերտ նա վերադարձել է արդեն անտառային շրջանցիկ ճանապարհով:
Լաչինի միջանցքի արգելափակումից գրեթե մեկ ամիս անց՝ 2023թ. հունվարի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվեց Վիտալի Բալասանյանը: Այդ առթիվ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում դիտել տվեց, որ նա ադրբեջանական կողմի հետ բանակցությունների զգալի փորձ ունի եւ ընդհանրացրեց, որ «կարճաժամկետ կտրվածքով դժվար է լինելու գտնել նոր պաշտոնյայի եւ անհատների, որոնք պատրաստ կլինեն ստանձնել այդ դերակատարությունը եւ որոնք նաեւ ընդունելի կլինեն ադրբեջանական կողմի համար»: Ստեփանակերտը հանրայնացրեց, որ «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը կարմիր գիծ է»:
Բաց մի թողեք
Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում Իրանի հռետորաբանությանը
Տափաստանային արվամոլը անընդհատ ասում է՝ «մեզ են ընտրել», փաստեմ՝ «Հանրային ձայնը» ունի քվե, անում է գործը․ Ավագյան
90 տոկոսով, 17 կետից 13-ը, 17-ից՝ 17-ը, ինչ է կատարվում «խաղաղության պայմանագրի» շուրջ