27/07/2024

Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է. Հայրապետյանը՝ ռուսական հեռուստաալիքների մասին

Իմ պաշտոնավարման 2.5 ամսվա ընթացքում երևի թե ՏՀՏ ոլորտը և, առհասարակ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմարդյունաբերության հետ մեկտեղ ամենաշատն են արժանացել իմ ուշադրությանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՏՏ ոլորտի մասնագետները երկրից հեռանում են, քանի որ դաշտը կարգավորված չէ:

Նախարարը նկատեց՝ ամենշաբաթյա ձևաչափով անդրադառնում են հանրության շրջանում ավելի շատ կիրառելի ՏՏ օրենքին:

«Չեմ բացառում, որ նոր օրենքը կվերաբերի Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը։ Պետությունն ինչ-որ քայլեր անելու է, սա ես կարող եմ երաշխավորել։ ԲՏԱ նախարարությունը երբեք այսչափ պրոակտիվ չի եղել՝ խորապես ընկալելու, հասկանալու ոլորտի խնդիրները և փորձելու գտնել իրական լուծումներ, որոնք ոչ միայն կպահեն այն տեմպերը, այլև թռիչքաձև զարգացումներ կապահովեն, չեն եղել։ Կարող եմ ասել, որ ոլորտի ներկայացուցիչները կարող են հանգիստ լինել, քանի որ պարբերաբար այդ քննարկումներն ընթանում են, և առանձին ուղղություններով մենք նաև ունենք առաջընթաց»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են ՀՀ-ի տարբեր գերատեսչություններին: Անդրադառնալով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեությանը՝ Հայրապետյանը նշեց, որ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումները և լուծումները:

«Առաջիկայում Մոսկվայում տեղի են ունենալու խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ համաձայնագիրը, որի ընթացքում հայկական կողմը կներկայացնի լուծումների վերաբերյալ իր առաջարկները։ Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ»,- ասաց Հայրապետյանը։

Նախարարը նկատեց՝ այն լուծումները, որոնք հայկական կողմի առաջարկների փաթեթում ներառված են, ենթադրում են նաև նախկինում արված փորձերը, որոնց դեպքում որևէ բովանդակային փոփոխություն ոչ միայն չի արվել, այլև վերջին շրջանում նմանօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար է դարձել։

«Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև վերահսկողություն կամ նմանօրինակ հաղորդումների կանխում, ըստ էության, չեն աշխատում։ Եվ սա նույնպես հաշվի առնելով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումներն ու լուծումները։ Ռուս գործընկերների հետ աշխատանքներում մենք սա նկատի ենք ունենալու և իբրև փաստարկ ներկայացնելու ենք»,- նշեց նա:

Հարցին՝ կա՞ն ժամկետներ, թե երբ են այդ բանակցությունները սկսվելու, նախարարը պատասխանեց. «Այո, կոնկրետ օր կա, բայց ես հիմա այն չեմ հնչեցնի»։

Դիտարկմանը՝ այդ բանակցություններում լինելո՞ւ է արդյոք այդ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը, Հայրապետյանը պատասխանեց. «Պոլիտկոռեկտությունից ելնելով՝ ես մանրամասները հայտնելուց զերծ կմնամ։ Միայն կարող եմ վստահեցնել, որ ցանկացած որոշում, որը որդեգրում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է ներդրված»։