05/10/2024

Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, որ հետը Փարիզ տանի

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ Փարիզ տանի: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մինչ մանրամասներին անդրադառնալը արձանագրենք, որ կոռուպցիան հետապնդում է Ալեն Սիմոնյանին: Նրա գործունեության շատ դրվագներում կան կոռուպցիայի դրսեւորման ցցուն օրինակներ, որպիսիք ինքը՝ Ալեն Սիմոնյանը, նախկինում քննադատում էր՝ համարելով անթույլատրելի:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանի կարիերայի փթթուն ժամանակահատվածն էր, նոր ԱԺ նախագահի պաշտոն էր ստացել, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միլիոնատեր քավորին ընդունել է ԱԺ-ում իր ենթակայությամբ աշխատանքի, ներգրավել աշխատանքային պատվիրակության կազմում, որոնք գործուղվել են Փարիզ։

Ուսումնասիրելով ԱԺ նախագահի կարգադրությունը՝ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, կարծես բոլորը Ազգային Ժողովի աշխատակիցներ են, որոնց մի մասի գործուղման ծախսերը հոգում է ՀՀ պետբյուջեն, մի մասն իրենց միջոցներով են մեկնել, սակայն շարքն ուսումնասիրելով՝ նկատեցինք, որ ցանկի վերջին տեղերում նշված է Էդգար Ավագյանի անունը, որը ներկայացված է Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ, իսկ կրտսեր մասնագետները գրեթե երբեք չեն մեկնում ԱԺ նախագահի հետ որեւէ երկիր։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերոնշյալ անձն Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է։ Այո՛, նույն Էդգար Ավագյանն է, որը Ծաղկաձոր քաղաքի «Պալլադա Ծաղկաձոր» բնակելի համալիրի սեփականատերերից է, «Ֆրինյուզ» հեռուստաընկերության սեփականատերը, որտեղ տնօրենն Ալեն Սիմոնյանի կինն է:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն, որտեղ պաշտոնապես հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները:

Պարզվեց, որ Ալեն Սիմոնյանի որդու քավորը՝ Էդգար Ավագյանը, իսկապես Ազգային ժողովում աշխատանքի է անցել 2021 նոյեմբերի 5-ին եւ այնտեղ աշխատել է գրեթե 3 ամիս՝ մինչեւ 2022 հունվարի 17-ը։

Ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը գտել է քավորի հետ իր ենթակայությամբ հեշտ ճանապարհորդելու եղանակը։ Տարօրինակն, իհարկե, նաեւ այն է, որ օլիգարխ ներկայացող Էդգար Ավագյանը համաձայնել է ԱԺ պատվիրակության կազմում Ֆրանսիա կամ այլ երկրներ մեկնել, որ ինքնաթիռի «տակից» հատուկ ավտոմեքենաներով դիմավորեն, տանեն բարձրակարգ հյուրանոց»:

Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, որ հետը Փարիզ տանի․ «Ժողովուրդ»