27/07/2024

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

«Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ, ձեզ հետ, սա իմ առաջին պաշտոնական այցն է Երևան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում»:

Այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Նախևառաջ բարձր եմ գնահատում ձեր անձնական առաջնորդությւոնը, այն որ դուք հստակ արտահայտվում եք խաղաղության օգտին, և միանշանակորեն հանձնառու եք ժողովրդավարական արժեքներին: Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը և ես ողջունում եմ ու դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին»,- նշեց Ստոլտենբերգը:

Վերջինս մանրամասնեց՝ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը. «Սա կարևոր է եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավել վտանգավոր աշխարհի առջև: Այսօր Հայստանը և Ադրբեջանը հնարավորությունուն ունեն տևական խաղաղության հասնել՝ տարիների հակամարտությունից հետո: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել:

«Ես ողջունում եմ, ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի պատերազմում: Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի և ավտորիտար այլ սյուբեկտները կոգեշնչվեն դրանով»,- ասաց նա:

«Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը»:

Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս այցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ձեր առաջին այցն է Հայաստան, այն լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու, ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Մենք շահագրգռված ենք շարունակելու զարգացել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ:

Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի: Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար շար կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնելու համապատասխան պաշտպանական կարողությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նաև նկատեց՝ մեծապես կարևորում են Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և այն համարում կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում. «Հայկական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում, և երբ 2023 թվականի հուլիսին Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, ՀՀ-ն ավելացրեց իր խաղաղապահ անձնակազմը ևս 17-ով»: