10/10/2024

ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը, սակայն պատասխանատվություն չի կրում հայ – ադրբեջանական սահմանի համար

Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրության օրը բավականին «խորհրդավոր» միջադեպ է տեղի ունեցել Մերձդնեստրի զորամասերից մեկում: Անօդաչուն խոցել է զորամասի տարածքում կայանված ուղղաթիռը: Տուժողներ չկան, սակայն հանգամանքը բավականին ուշագրավ է:

Ռուսական աղբյուրները տարածել են նաեւ խոցման տեսանյութը, իսկ մոլդովական կողմը հայտարարել է, որ ուկրաինական կողմի հետ հաղորդակցության արդյունքում հերքում է, թե ուկրաինական անօդաչուն հարվածել է ուղղաթիռին: Այդ դեպքում ի՞նչ է տեղի ունեցել, ռուսական «բեմադրությու՞ն»: Բայց, ի՞նչ նպատակով: Իհարկե, հազիվ թե ուկրաինացիները անմիջապես խոստովանեին, թե ուկրաինական անօդաչուն խոցել է ռազմական ուղղաթիռը Մերձդնեստրում, բայց որեւէ կերպ բացառելի չէ թերեւս ոչ մի տարբերակ, ընդհուպ՝ «երրորդ ձեռքի» տարբերակը:

Ի վերջո, երբ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական օդանավը, թե Անկարան, թե Մոսկվան «ճանաչում» էին «երրորդ ձեռքի» վարկածը, իհարկե անկախ այն հանգամանքից՝ իրապես հավատու՞մ էին դրան, թե՞ ոչ: Պարզապես, ցանկացած լայնամասշտաբ ռազմական գործողությունների պարագայում «ձեռքերը» անկասկած լինում են շատ, եւ դա առավել եւս այդպես է, եթե խոսքը վերաբերում է ուկկրաինական պատերազմին: Անկասկած է մի բան, որ ՌԴ նախագահի ընտրության օրը, թերեւս ոչ պատահական «զուգահեռով», ինչ որ մեկը ձեռքը տարել է Մերձդնեստրին: Եվ դա գուցե ինքնին չլիներ այդքան ուշագրավ, եթե ակնառու չլիներ եւ այն, որ Մերձդնեստրի, նաեւ Մոլդովայում մյուս ինքնավարության՝ Գագուզայի շուրջ իրադարձությունները զարգանում են այսպես ասած աճող լարվածության զգալի հավանականության միտումով:

Եվ, եթե մինչ այդ տեղի էին ունենում քաղաքական «սադրանքներ»՝ Մերձդնեստրի խորհրդարանն օգնության համար դիմում էր Պուտինին, Գագաուզիայի ղեկավարը անմիջականորեն հանդիպում էր Պուտինին Ռուսաստանում եւ խնդրում օգնություն Մոլդովայի ճնշումների դեմ, Ֆրանսիայի նախագահն էր Փարիզում ընդունում Մոլդովայի նախագահին եւ նրա հետ ստորագրել անվտանգության համաձայնագիր: Զուգահեռ, Ֆրանսիայի նախագահը բաց տեքստով հայտարարում է Օդեսայում ֆրանսիական զինուժի տեղակայում չբացառելու մասին, իսկ Օդեսսան դեպի Մերձդնեստր ցամաքային ճանապարհին է:

Եվ ահա, ՌԴ նախագահի ընտրության օրը Մերձդնեստրում տեղի է ունենում անօդաչուի միջադեպը, իսկ ընտրության օրվա ավարտին ելույթում Պուտինը հայտարարում է, թե իրենք ունեն շատ մեծ պլաններ: Իհարկե պարզ չէ, Մերձդնեստրը այդ պլաններում ո՞ր տեղում է, բայց, որ այն կա, վեր է կասկածից, քանի որ սեւծովյան ավազանի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի հարցը աշխարհակարգային դիմակայության առանցքային հարցերից է, որի ակնառու վկայություններից մեկն է այն, որ ՆԱՏՕ-ն ռումինական ծովափին կառուցում է Եվրոպայում ամենամեծ ռազմակայանը՝ 10-հազարանոց զորախմբի համար:

Դատելով Բաքվի մամուլի ենթատեքստային ակնարկներից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի առանցքային նպատակը մեկն է եղել՝ Ալիեւը պատրա՞ստ է Կասպից ծովում Իրան-Ռուսաստան նավագնացության մասին հետախուզական տեղեկություններ տրամադրել:

Իշխանամերձ լրատվամիջոցը հիշեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի զգուշացումը, որ G7-ը խիստ պատժամիջոցներ կկիրառի, եթե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարի եւ ավելացնում, որ Արեւմուտքը կցանկանար, որ Ադրբեջանի «վերածվի ռուս-իրանական բետնափոխադրումների դիտարկման հարթակի»:

«Թուրան» գործակալության մեկնաբանի գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությունը, Ֆրանսիա-Հայաստան ռազմական համագործակցությունը «Թեհրանում զայրույթի տեղիք են տվել»: Նա հիշեցրել է Իրանի պաշտպանության նախարարի այդ առթիվ հայտնի հայտարարությունը եւ ավելացրել, որ «դա Ադրբեջանի համար մարտավարական հնարավորություն է»: Ավելորդ չէ, թերեւս, նկատել տալ, որ Ստոլտենբերգի Բաքու այցի նախօրեին Օմանի նեղուցում մեկնարկել են «Ծովային սահմանի պահպանություն 2024» ռուս-իրանա-չինական համատեղ զորավարժություններ: Ադրբեջանի դիտորդի կարգավիճակով մասնակցում է դրանց:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, երեւում է, տեղեկատվական արտահոսք է կազմակերպվել: Haqqin.az-ը գրում է, որ Ալիեւը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից ակնկալել է «հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանման աջակցություն, բայց՝ ոչ ֆրանսիական ձեւով»: Եթե «թարգմանենք»՝ կստացվի, որ Ալիեւը ՆԱՏՕ-ից սպասում է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի՝ որպես երկու երկրների միջեւ «պետական սահմանի կոնսոլիդացված ճանաչում»: Ընդսմին, նա վերապահում է արել, որ նման անհրաժեշտություն կծագի, եթե «Փաշինյանը կոշտացնի բանակցային դիրքորոշումը»: Փաստացի նա հնարավոր էսկալացիայի համար պատասխանատվությունը հասցեագրել է ՆԱՏՕ-ին:

Որքանո՞վ է Ստոլտենբերգն ընկալունակ գտնվել Ալիեւի «մտահոգությունների» հանդեպ, երեւում է նրա ձեւակերպումից, որ ՆԱՏՕ-ն հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդ չէ, բայց աջակցում է խաղաղ կարգավորման գործընթացին: Ըստ էության, դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի պատասխանատվություն կամ այն կանխելու պարտավորություն ՆԱՏՕ-ն չունի: Բաքվում Ստոլտենբեգն ակնարկել է հայ-ադրբեջանական կարգավորման «հումանիտար խնդիրների» մասին: Մի քանի ժամ անց Իլհամ Ալիեւը Ստեփանակերտում «վերանվել է» կենտրոնական հրապարակը, վառել Նավրուզի տոնական խարույկը եւ հայտարարել, որ այդ «կրակը վերջնականապես կմաքրագործի հրապարակը սեպարատիզմից»: Հասկացվում է, որ նա «փակում է» նաեւ բռնատեղահնված բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադարձի թեման:

Ստոլտենբերգի Երեւան այցին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հանդիպել է բնակչության ներկայացուցիչների հետ: Այլեւս գաղտնիք չէ, որ քննարկվել է «ադրբեջանական չորս գյուղերի սահմանազատման» հարցը: Ստոլտենբերգի հետ բակացություններից, Ռուսաստանի նախագահին շնորհավորելուց եւ դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական գործընկերության ամրապնդման փոխադարձ հավաստիացումներից հետո Իլհամ Ալիեւը շտապել է օկուպացված Ստեփանակերտ: Ստոլտենբեգին ընդունելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել է Տավուշ: Բայց չէ՞ որ ՆԱՏՕ-ն հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ չէ: Կա՞ ազդակ, որ Ալիեւը ծրագրում է Տավուշում սրացման գնալ: