27/07/2024

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին. Տեսանյութ

«Այսօր բազմաթիվ հարցեր կան որոնց պատասխանը չեմ տա, ոչ թե նրա համար, որ դրանք չեմ պատկերացնում, այլ որովհետև այդ հարցերի պատասխանը պայմանավորվածություններով պետք է ձևակերպվի և միայն մեզնից չէ կախված»։

Այս մասին երեկ՝ մարտի 18-ին, Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարող ենք գնալ լուծումների՝ առնվազն վստահության որոշակի մակարդակ ունենալով, որ անվտանգությունն ապահովելու ենք։ Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով։ Սահմանը մի երևույթ է, որն իրավական պարիսպ է կառուցում։

Սահմանագծման ամենակարևոր արդյունքը կարող է լինել այն, որ զորքերը դիրքերը թողնեն ու նրանց փոխարեն գան սահմանապահները, քանի որ այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, իրար վրա կրակելն ընդունված չէ։ Կրակում են, ոորովհետև վեճ է լինում, եթե վեճ չկա, կրակելու իմաստ էլ չկա։ Եթե մենք սահմանը գծենք, ֆիքսենք և ապահովենք, որ գյուղերի բնակիչների միջև բախումներ տեղի չունենան, դրա առիթները բացառենք, կրակելը դառնում է անիմաստ, եթե երկիրը երկրին պատերազմ չի հայտարարում», – նշել է վարչապետը։

Նա հավելել է, որ սահման ունենալու դեպքում երկիրն ունենալու է իրավական պարիսպ և արդեն երկրի որոշելու հարցն է լինում՝ ցանկանու՞մ է ունենալ նաև ֆիզիկական պարիսպ, թե՝ ոչ։

Բնակիչներից մեկը հարց ուղղեց՝ նշելով, որ դեռ վերջերս «Google»-ի քարտեզներով նայել ու տեսել են, որ սահմանն անցնում է իր տան միջով, իսկ հիմա այն ընդամենը մի քանի մետր տեղափոխվել է, սակայն զինվորների ներկայության դեպքում իրենք ինչպես են ապրելու այդ տանը:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ իրենք պետք է գան ու տան այդ հարցի պատասխանը։

«Մենք հիմա առաջիկա աշխատանքների ու բանակցությունների ընթացքում պետք է սեղանին դնենք նաև Ձեր հարցը, այսենք՝ այս մարդն իր տանը ո՞նց է ապրելու, ի՞նչ երաշխիքներ ենք մենք տալիս։ Ու դա արդեն այն հարցը պետք է լինի, որին ոչ միայն ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի, այլ նաև Արդբեջանը։ Ես հիմա եկել եմ ոչ թե Ձեր հարցին պատասխանելու, այլ Ձեր հարցը վերցնելու, ինձ հետ տանելու և այդ սահմանագծման աշխատանքի օրակարգի սեղանին դնելու»,- հավելեց նա։

«Ինչքան Ադրբեջանն է հարց բարձրացնում, մենք էլ բարձրացնում ենք մեր 31 գյուղերի հարցը: Այդ 31 գյուղերի մեջ մտնում է Բերքաբերը, Այգեհովիտը, Վազաշենը, Պառավաքարը և այլն»:

Այս մասին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդդիմությունն ինչ է ասում, ասում է Տավուշի մարզի գյուղերն ուզում է տա: Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ովա՞ այդ գյուղի ղեկավարը, ուզում եմ իր հետ ծանոթանալ, Տավուշի մարզում Ասկիպարա անունով գյուղ կա՞, գյուղի բնակիչներն ովքեր են, ուզում եմ գնալ գյուղի բնակիների հետ հանդիպել: Այն ինչը որ լեգիտիմ մերն է ստանալու համար մենք պետք է պատրաստ լինենք տալ այն ինչը որ լեգիտիմ մերը չի: Իրականում ճիշտ մոտեցումը 1991 թվականին գոյություն ունեցող քարտեզներով առաջնորդվելն է»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը դիմելով բնակիչներին ասաց՝ եկել եմ այսօր ձեզ խնդրելու, որ մեզ այդ բարոյական և քաղաքական հնարավորությունը տաք, որ մենք այս ճանապարհով գնանք:

Մանրամասները՝ տեսանյութում: