15/04/2024

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Ավիացիայի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ավիացիոն իշխանությունները, կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ, օրենսդրության համաձայն, ներկայումս մատուցում են մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, չի գանձվում պետական տուրք կամ վճար: Այս առնչությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները գլխավորապես մատուցվում են վճարովի հիմունքներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պետական տուրք ծառայությունների 13 խմբերի համար: Այս մասին ասաց հիմնական զեկուցող, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Մասնավորապես՝ ուսումնասիրվել է Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների փորձը:

«Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար գանձել պետական տուրք:

Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք, որը միտված է ավիացիայի զարգացմանը և ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կավելանան տարեկան մոտ 150 մլն դրամով, իսկ լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց Արմեն Սիմոնյանին՝ խնդրելով պարզաբանել՝ ի վերջո ի՞նչ եղավ Fly Arna ավիաընկերությունը, արդյոք ի՞նչն է պատճառը, որ այն չի գործում:

«Այս պահի դրությամբ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության կարգերի և համապատասխանության՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է մինչև համապատասխան օդանավ ներգրավելը: Եթե 6 ամսվա ընթացքում այս օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի»,- պարզաբանեց նախարարի տեղակալը՝ ընդգծելով՝ գլխավոր խնդիրը ֆինանսական պատճառներն են:

Պատգամավորը հորդորեց վերլուծությունը հրապարակային կատարել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ ընկերությունը հիմնվել էր քաղաքացիների գումարներով, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց՝ գոյություն ունեն կոմերցիոն գաղտնիքի դրույթներ, որոնք կապակցված են նաև այլ ընկերությունների հետ, և այդ առումով պետք է հասկանալ, թե որ մասն է ենթակա հրապարակայնացման: