03/11/2024

Երբ մտնում ես զորամաս, 18 տ. տղաները չեն հասկանում՝ ո՜նց թե կինը հրաման տա, բայց կարծրատիպը կոտրվեց. կապիտան Մարի Մակյան. Տեսանյութ

«Սեր կար դեպի ծառայությունը, որոշեցի, որ պետք է լինեմ հրամանատար՝ ուսուցանեմ ու սկսեցի այդ ուղղությամբ աշխատել»:

Այս մասին Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում պատմել է Հրաձգային դասակի կին հրամանատար, կապիտան Մարի Մակյանը, որը արդեն մի քանի տարի է՝ ծառայում է ԶՈՒ-ում, պատրաստում հրաձգային ջոկի հրամանատարներ:

«Գիտեմ՝ ինչ է սահման պահելը, գիտեմ՝ ինչ ծանր աշխատանք է մեր զինվորականների ծառայությունը, ու սահմանամերձ գոտում ապրելով՝ ինքնըստինքյան ուզում ես ինչ-որ բան անել հայրենիքի համար: Միանշանակ դժվարություններ եղել են, առանց դրա չի կարող լինել, որովհետև առաջին անգամ, որ մտնում ես զորամաս, ու այդքան 18 տարեկան տղաները քեզ պետք է ենթարկվեն, իրենք էլ չեն հասկանում կին հրամանատարի հետ հարաբերությունը. ո՜նց կարող է լինել, որ կին զինծառայողը հրաման տա մեզ: Բայց ժամանակի ընթացքում այդ կարծրատիպերը կոտրվեցին, ու սկսեցին ընդունել ու հարգել՝ որպես հրամանատարի, ու իմ ծառայությունը սկսվեց ու մինչև հիմա էլ շարունակվում է»,- ասել է նա:

Կին հրամանատարը նաև նկատել է՝ տղաների հետ տղաների պես պետք է մտածել, եթե որպես կին մտածես՝ ծառայությունը չի հաջողվի. «Միանշանակ կոչումը, պաշտոնը պատասխանատվություն է առաջին հերթին զինվորների հանդեպ, երկրորդը՝ հայրենիքի, որ դու երդվել ես, պատասխանատու ես, պարտավոր ինչ-որ բան անել հայրենիքի համար»:

Մարի Մակյանը նաև նշել է՝ որպես կին զինծառայողներ դրական մթնոլորտ է ապահովում, նաև ասել է, որ համատեղում է աշխատանքն ու ընտանիքը:

Իսկ բոլոր աղջիկներին ու կանանց, որոնք երկմտում են այս ոլորտ մտնել, հորդորել է. «Եթե հոգեպես պատրաստ ես, կլինի կին, թե տղամարդ, ընդհանրապես կապ չունի, եթե զգում ես, որ կարող ես ինչ-որ բան անել մեր բանակի, հայրենիքի համար, ուրեմն մտածելու ոչ մի բան չունես, պետք է ընտրես այն ճանապարհը, որն ուզում ես»: