27/07/2024

Զախարովան սկսել է ամենօրյա ռեժիմով հոխորտալ Հայաստանի վրա՝ ի պաշտպանություն Ադրբեջանի

Վերջին շրջանում արևմտյան էմիսարները զգալի ակտիվացել են Հայաստանի ուղղությամբ. նրանք մասնավորապես առաջ են մղում ՆԱՏՕ-Հայաստան անհատապես ադապտացված համագործակցությունը։

Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան. «Նրանք ջանքեր են գործադրում Մոսկվա-Երևան կապերը վարկաբեկելու, իսկ լավագույն տարբերակով դրանք ամբողջովին խզելու ուղղությամբ: Արևմտականները դա ընդհանրապեսչեն թաքցնում: Իսկ հիմա էլ փորձում են սեպ խրել Բաքվի հետ մեր գործընկերային հարաբերություններում: Այսինքն՝ նրանց նպատակների շրջանակը լայն է»:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, հետաքրքրված չէ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ:

Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ն առավելագույն նպատակ է դրել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ թեժացնել իրավիճակը տարածաշրջանում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկաս՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այդ երկրները եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձի դրսևորում է. «Նման պաշտոնյայի մակարդակով այցը հաստատում է, որ այդ ուղղությամբ ակտիվությունը մի քանի անգամ ավելացել է… Հարավային Կովկասում կարծես թե խնդիրները նվազել են, իսկ ո՞ւմ դա կարող է դուր չգալ: Արևմտականներին հանգիստ չի տալիս այն փաստը, որ այդ պետությունները փոխգործակցում են, այն, որ նրանք մոտենում էին խաղաղության պայմանավորվածություններին: Նրանց դուր չի գալիս այն փաստը, որ այդ պետությունները շփվում են Մոսկվայի հետ»:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը փորձում են քանդել տարածաշրջանի երկրների կապերը, այդ թվում՝ Մոսկվայի հետ․ «Իհարկե, ՆԱՏՕ-ն առավելագույն նպատակ է դրել՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ թեժացնել իրավիճակը տարածաշրջանում»։

Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի գործունեությունը դադարեցնելու մասին տվյալները հստակեցում են պահանջում, այս հարցով ներկայումս զբաղվում է ՌԴ կառավարությունը. «Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով և այժմ մեր գերատեսչությունը զբաղվում է։ Համապատասխան գերատեսչությունը և կառավարությունն ամբողջությամբ»։

Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը:

ՀՀ կենտրոնական բանկից էլ հայտնել են, որ Հայաստանում առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների ռիսկերը):

2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։

Ռուսական կողմը Հայաստանի վճարային համակարգից պաշտոնական ծանուցում է ստացել, որ մարտի 30-ից բանկերը կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը:

«Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք հանրապետությունում ռուսական ալիքների հեռարձակման հարցի կարգավորման նպատակով, ստացել ենք իրենց մշակումները և փոխանցել ենք մերը։ Մենք հիշում ենք, թե ինչ կարգախոսների ներքո էին գալիս Հայաստանի ներկա իշխանությունները՝ լիակատար անկեղծություն, խոսքի ազատություն։ Ես չեմ ուզում մտածել, որ նրանք կգնան ալիքների անջատման կամ գրաքննության ճանապարհով», – ասել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ անդրադառնալով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեությանը՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նկատել էր՝ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումները և լուծումները: Նա հայտնել էր, որ առաջիկայում Մոսկվայում տեղի են ունենալու խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ համաձայնագիրը, որի ընթացքում հայկական կողմը կներկայացնի լուծումների վերաբերյալ իր առաջարկները։ Նա շեշտել էր՝ առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է։