27/07/2024

Խորհրդարանը վավերացրեց ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը. դիտորդների լիազորությունները կընդլայնվեն

Ազգային ժողովը մարտի 20-ի նիստի մեկնարկին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր:

Նաև վավերացվեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Այն ընդունվեց 57 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայներով:

Փաստաթուղթը կարգավորում է դիտորդական առաքելության գործառույթներ, նրանց անձեռնմխելիություն է տրամադրում։

Եվրոպացի դիտորդները հայ-ադրբեջանական սահմանը դիտարկում են 2022-ից, սկզբնապես առաքելության կազմում 40 հոգի է եղել։ Հիմա արդեն նրանց թիվը 138-ն է, իսկ մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։

Ըստ համաձայնագրի՝ դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:

Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։

Իրավական անձեռնմխելիությունից կարող են բացառություններ լինել, եթե անօրինական գործունեության և առաքելության անդամների կողմից անօրինական բեռների տեղափոխման վերաբերյալ լուրջ կասկածներ առաջանան: