21/07/2024

Պատրա՞ստ ենք 4 գյուղի ավերակներ հանձնել, որ Բաքուն տեղ չունենա մեր բանակի դեմ «լեգիտիմ» պատերազմ սկսելու

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Տավուշի մարզի հատվածում գտնող որոշ ադրբեջանական գյուղերի մասին՝ վերջին օրերի քննարկումներին և այդ համատեքստում նկատել, որ ամեն ինչ շատ պարզ է. եթե Ադրբեջանը փորձի գրավել Ոսկեպարը կամ Ներքին Հանդը, ապա նրան դիմադրելու են հայկական բանակն ու միջազգային հանրությունը, քանի որ այդ բնակավայրերը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում են։

Իսկ եթե Ադրբեջանը փորձի գրավել Բաղանիս-Այրումը (չշփոթել հայկական Բաղանիս գյուղի հետ) կամ Խեյրիմլին, ապա նրան դիմադրելու է միայն հայկական բանակը, քանի որ այդ գյուղերը Ադրբեջանի տարածքում են։

«Ալիևն ասելու է. «Ինչո՞ւ Ուկրաինային կարելի է պատերազմով վերցնել Խերսոնը, իսկ ինձ չի կարելի վերցնել Բաղանիս-Այրումը», ու աշխարհը, մեծ հաշվով, ոչինչ չի ասի։

2022 թվականի սեպտեմբերի փորձը ցույց տվեց, որ միջազգային հանրությունն ու հայկական բանակը միասին կարողանում են ադրբեջանցիքին կանգնեցնել՝ ի տարբերություն 2020 ու 2023 թվականների պատերազմների, երբ միջազգային աջակցություն չկար։

Մենք պատրա՞ստ ենք 4 գյուղերի ավերակներ հանձնել Ադրբեջանին, որ Բաքուն տեղ չունենա մեր բանակի դեմ «լեգիտիմ» պատերազմ սկսելու համար։

Մենք պատրա՞ստ ենք միակողմանի զիջումների, որպեսզի մեր վրա ցանկացած հարձակում հստակ ու աներկբա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակում լինի և արժանանա միջազգային հանրության հակազդեցությանը։

Այո, այդ զիջմամբ բանակի լավ դիրքերը փոխարինվելու են նոր ու ավելի թույլ մարտական դիրքերով։ Կարող ենք հրաժարվել (պահանջել փոխադարձ զիջումներ, որոնք, ակնհայտաբար, չենք ստանա)։ Դա մեր՝ ՀՀ քաղաքացիներիս որոշելիքն է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հարցի առնչությամբ օրերս Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Տավուշի մարզի սահմանամերձ որոշ գյուղերի բնակիչների հետ: Փաշինյանն ասել էր, որ գյուղացիները իրեն կարող են մեղադրել, եթե ոչինչ չձեռնարկի: Նա չէր բացառել նաև հարցերի չկարգավորման դեպքում պատերազմի վերսկումը: