21/07/2024

ԵՊՏՀ ռեկտոր Գալոյանի հրաժարականի պատճառը ԱՄՆ-ում գողություն կատարելու մեղադրա՞նքն է

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժանն Անդերասյանն այսօր Կառավարության նիստից հետո անդրադարձավ ՀՊՏ համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականի դիմումին։

Նրա խոսքով՝ ինքը հարգանքով է վերաբերվում բուհի արդեն նախկին ռեկտորի որոշմանը։

«Կարծում եմ, որ այլևս օրակարգային չեն մնացած բոլոր հարցերը»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք հրաժարականի պատճառը Գալոյանի անձի շուրջ առկա խոսակցություններն են եղել, երբ վերջինս մեղադրվում է 2017 թվականին ԱՄՆ–ում գողություն կատարելու մեջ, նախարարը նկատեց․ «Այս թեմայով այլ մեկնաբանություն չունեմ, կարիք էլ չեմ տեսնում։ Ես պարբերաբար բուհերի բոլոր ռեկտորների հետ ունենում եմ աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ տարբեր հարցերի շուրջ։ Դուք լրագրող եք ու ազատ եք ենթադրելու այն, ինչ մտածում եք, ես՝ որպես պաշտոնատար անձ, ասում եմ, որ ռեկտորը ազատման դիմում է ներկայացրել»։

Անդրադառնալով այն հարցին էլ, թե ԿԳՄՍ նախարարությունը ստացել է գողության վերաբերյալ ԱՄՆ համապատասխան մարմիններին ուղարկած պաշտոնական գրության պատասխանը, Անդերասյանն ասաց․ «Ինձ համար այդ հարցն այլևս օրակարգային չէ։ Դա տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիանա Գալոյանը հրաժարականի դիմումը է ներկայացրել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին բուհից՝ չմանրամասնելով պատճառը:

ԱՄՆ-ում Գալոյանի գողություն անելու մասին խոսկացությունները տարածվել էին դեռևս 2023 թվականին։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Այդ շրջանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ գերատեսչությունում մեծ ուշադրությամբ ուսումնասիրել են այդ խոսակցությունները և պաշտոնական հարցում ուղարկել ԱՄՆ համապատասխան մարմիններին։