27/07/2024

Լևոն Քոչարյանի ինքնագոլը կամ՝ գլխով հարված գոտկատեղից ներքև

ՀՀ նախագահական նստավայրի նախկին գլուխ Ռոբերտ Քոչարյանին երբ 2018-ին մեղադրանք առաջադրվեց «Մարտի 1»-ի գործով, վերջինս կայքերից մեկի հետ հարցազրույցում ազդարարեց՝ «կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»»։

Նման աղմկահարույց գործով մեղադրանքի առաջադրումը, փաստորեն, նախկին նախագահը կամ Բաղրամյան 26-ի նախկին գլուխը որակել էր «գլուխ դնել» ու սպառնացել՝ կփոշմանի։ Հետահայաց գնահատելու դեպքում կարող ենք արձանագրել՝ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ չփոշմանի իր խոսքերի համար ու գլուխը պրծացնի իր պաշտոնավարման ավարտը խորհրդանշող ողբերգության գլխավոր ամբաստանյալի կարգավիճակից։

Եվ ազատված գլխով նախկին նախագահը 2021-ին մտավ քաղաքական պայքարի մեջ՝ պետության գլխի պաշտոնում իր երկրորդ գալուստն ապահովելու համար։ Համոզված ենք՝ փոշմանեց։ Այն, ինչ նրա անունից այս օրերին անում է նրա որդին, նրա՝ փոշմանած լինելու ռեզոնանսներն են և կրկին «գլուխ» դառնալու ուղղությամբ ցուցադրվող ջղաձգումներ։

Երեկ և շաբաթներ առաջ տեղի ունեցած՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որդի Լևո՛նը որոշեց գլուխ դնել Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրա պաշտոնը նշելիս հոլովելով «գլուխ» բառը։ Սակայն ստացվեց այնպես, որ «սարքեց» թե՛ իր, թե՛ հոր գլխին։ Վստահ ենք՝ փոշմանել է և այսուհետ կառաջնորդվի Սայաթ-Նովայի առաջարկած կանոնով՝ «էս աշխարհում գլուխը կպահի էյթիբարով»։ Այսինքն՝ չի մտցնի այնտեղ, որտեղ լինելու բերումով մարմնի մնացած օրգանները կհայտնվեն ոչ շահեկան, եթե կուզեք՝ աննախանձելի իրավիճակում։ Ճիշտ նույնպիսի, որպիսի իրավիճակում էին երեկ, երբ Լևոնը փորձեց հարվածել դիմացինի գլխին, սակայն ստացավ պատասխան հարված գոտկատեղից ներքև գտնվող մասերին։

Ի դեպ, Լևոն Քոչարյանը այնպես չէ, որ անփույթ է սեփական գլխի անվտանգության հարցում, երբ բանը հասնում է ֆիզիկական հարվածներին կամ անհարմար դիրքում հայտնվելուն։ Նա, հիշեցնենք, 2022 թվականի դիմադրության շարժման օրերին ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս թախանձում էր վերջիններիս՝ «մենակ գլխիս չկպնեք»։ Այսինքն՝ կնստեմ մեքենան, մենակ թե էն «ֆիրմեննի» ձևը, երբ ափով սեղմում եք բերման ենթարկվողի գլխին ու մեքենան մտցնում, իմ նկատմամբ չկիրառեք։

Նախորդ տարի ԼՂՀ ագրեսիայից հետո էլ Լևոն Քոչարյանի գլուխը նորից երևաց փողոցային պայքարի դուրս եկած ցուցարարների շարքերում, սակայն արդյունքը եղավ այն, որ հայտնվեց կալանավայրում՝ ոստիկանների նկատմամբ գործադրած բռնության համար։ Եվ միայն պատգամավորի մանդատ ստանալու միջոցով է, որ ամիսներ առաջ կարողացավ գլուխն ազատել բանտից ու մտցնել քաղաքականություն։ Սա այն դաշտն է, որտեղ, ինչպես հայտնի է, խոսքի ուժով գլուխներ են թռցվում (և ոչ միայն խոսքի ուժով), իսկ որոշ գլուխներ էլ նույն խոսքի ուժով էլ տիտղոսվում են որպես «գլխի փոքրիկ տղա»-ներ։