20/04/2024

Հանցավոր սխեմայի կիրառմամբ օղի արտադրող ընկերությունը պետությունից շուրջ 3,2 միլիարդ դրամի հարկեր է թաքցրել. Տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք:

Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային սպիրտի թորման և օղու արտադրման ոլորտում երկար տարիներ գործունեություն իրականացրած Ռ.Գ.-ին և Ն.Հ.-ին պատկանող «Ռ․․․» ՍՊ ընկերությունը զբաղվել է խմիչքի արտադրությամբ և վաճառքով, հանդիսացել ավելացված արժեքի հարկ վճարող:

2017-2021 թվականների ընթացքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դիտավորությամբ, նշված ընկերության պատասխանատու անձինք տարբեր տարիների ընթացքում շուկայից, առանց հաշվապահական փաստաթղթերի, ձեռք բերելով շուրջ 1.200 տոննա ալկոհոլային սպիրտ՝ նպատակ են ունեցել ձևական գործարքների պայմաններում ստեղծել սպիրտի օրինական շրջանառության իմիտացիա և այդ կերպ օրինականացնել նախ հիշյալ ծավալի սպիրտի ձեռքբերումը, որից հետո խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց:

Հիշյալ նպատակն իրագործելու համար նրանք հանցավոր համաձայնության են եկել երկար տարիներ ալկոհոլային խմիչքների ոլորտում գործունեություն ծավալած Ա.Գ.-ի հետ, որոշակի վարձատրության դիմաց, առանց իրական ձեռնարկատիրական գործունեության իրականացման մտադրության, վերջինիս կազմակերպմամբ տարբեր անձանց տվյալներով ընկերություններ ստեղծելու և դրանց միջոցով շուրջ 1.200 տոննա ալկոհոլային սպիրտի շրջանառությունն իրականացնելու մասին: Այդ կերպ, առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության, 2017 և 2019թթ․ պետական գրանցում են ստացել 2 ընկերություններ, որոնք ստացել են ալկոհոլային սպիրտի թորման և օղիների արտադրման լիցենզիա:

Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու, իսկ հետագայում հնարավոր հարկային պարտավորությունները վճարելուց խուսափելու համար Ա.Գ.-ն նշված ընկերությունների տնօրեններ է նշանակել հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց:

2017թ. նոյեմբեր-2018թ. մայիս ամիսների, ինչպես նաև 2019թ. դեկտեմբեր-2020թ. մայիս ամիսների ընթացքում «Ռ․․․» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձինք նշված երկու ընկերությունների անվամբ դուրս են գրել ընդհանուր շուրջ 1140 տոննա ալկոհոլային՝ 96 տոկոսանոց սպիրտի մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ, սակայն սպիրտի փաստացի մատակարարումը կատարվել է «Ռ․․․» ՍՊ ընկերության կողմից: Փոխարենը նշված ընկերությունները դուրս են գրել ընդհանուր շուրջ 1․515․000 շիշ օղու մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ:

Նշված երկու ընկերություններից մեկը հետագայում լուծարվել է, մյուսը գտնվում է լուծարային գործընթացում:

Նույն հանցավոր սխեման կիրառվել է նաև 2021թ․ մարտին։ Հանցավոր գործունեություն իրականացնելու համար այս դեպքում ներգրավվել է ակցիզային դրոշմանիշներ ունեցող նոր՝ 2016թ․ պետական գրանցում ստացած ընկերություն: Լուծարային  գործընթացում գտնվող «Ռ․․․» ՍՊԸ-ի գործունեությունը շարունակելու նպատակով 2021թ․ մարտ ամսին Ռ.Գ.-ի կողմից հիմնադրվել է այլ՝ «Է․․․» ՍՊԸ-ն։ Վերջինիս տնօրենին փոխանցվել է վերոնշյալ ընկերության անվամբ ստացված 444.660 հատ ակցիզային դրոշմանիշ, որոնց օգտագործմամբ Ռ.Գ.-ի կողմից հիմնադրված այլ ՍՊԸ-ի արտադրական հասցեում արտադրվել, սակայն մյուս ընկերության անունով պիտակավորվել է 4660 շիշ օղի: Նշված արտադրական քանակության հիմքեր ստեղծելու նպատակով ընկերությունների կողմից միմյանց անվամբ դուրս են գրվել համապատասխան քանակների օղու մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ:

Արդյունքում հիշյալ օղիներից ՀՀ տարածքում գործող մանրածախ առևտրով զբաղվող տարբեր տնտեսվարողներին իրացվել է շուրջ 1.862 շիշ օղի, մնացորդային՝ արտադրված 2.798 շիշ օղիները հայտնաբերվել են խուզարկության ժամանակ, իսկ 440.000 հատ ակցիզային դրոշմանիշերը փոխանցվել են նախաքննական մարմնին:

Կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ամբողջությամբ բացահայտվել է հանցագործության սխեման, դրանում ներգրավված անձանց շրջանակը: Քրեական հետապնդումներ են հարուցվել 4 անձանց նկատմամբ։ Հանցավոր մեխանիզմում ներգրավված անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ։

Նշանակված համալիր հարկային ստուգման շրջանակներում ՀՀ ՊԵԿ են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որի արդյունքում պարզվել է, որ «Ռ․․․» և «Է․․․» ՍՊ ընկերությունների փաստացի սեփականատերեր Ռ.Գ.-ն և Ն.Հ.-ն խուսափել են առանձնապես խոշոր չափերով 2.381.238.862 (2 միլիարդ 381 միլիոն 238 հազար 862)ՀՀ դրամ հարկեր վճարելուց, որը հաշվարկված 811.817.885 (811 միլիոն 817 հազար 885) ՀՀ դրամ տույժերի հետ միասին կազմում է 3.193.056.747 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում հիշյալ անձանց կողմից արդեն իսկ պետությանը պատճառված 3.193.056.747 (3 միլիարդ 193 միլիոն 56 հազար 747) ՀՀ դրամ վնասից 1.671.527.000 (1 միլիարդ 671 միլիոն 527 հազար) ՀՀ դրամը վերականգնվել է, որն ուղղվել է հարկային պարտավորությունների մարմանը, իսկ մնացյալ մասով կազմվել է վճարման ժամանակացույց:

Նախաքննությունը շարունակվում է: