Վանո Սիրադեղյանն ասում է․ «Երբ բերանը չափ չի ունենում, ոտքերն ամեն պահի պիտի պատրաստ լինեն ծլկելու։ Միայն թե պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ մեր քրֆես ու փախչես։
Ոչ էլ ազգային ազատագրական ղաչաղություն, որ քրդի մի կովի դիմաց հայկական մի գյուղ մատնես մորթվելու ու սարով անցնես մյուս գավառ։ Իսկ դուք՝ փրկիչներդ, պետության ներքին ու արտաքին հարաբերությունները իջեցրիք Ցախի մեյդանի հայաթի կռվի մակարդակին։ Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն։ Հայաստանի մթնոլորտը կարիք ունի միանգամից մաքրվելու ասիական բաղնիքի այն գարշահոտից, որ օդում կախված է լինում աշխարհազորի եւ մեդրեսեների սաների խմբակային ու զանգվածային լոգանքից հետո»։
Երկիր ղեկավարելուն հավակնող Լեւոն Քոչարյանը գիտի՞ Սիրադեղյանին, հասցրե՞լ է ծանոթանալ նրա գրչին, թե՞ գլուխներից ճանաչում է միայն իրենց տան ու քաղաքական խմբակի գլխին՝ երկիրը «Թուլեքի Թագավորության» դարձնողներից մեկին։
Արդ, եթե իմացած լիներ բերանի չափի, ավելի ճիշտ՝ այն չափավոր բացելու ճակատագրական նշանակության մասին, իրեն թույլ չէր տա անփույթ գտնվել ուսերից վերեւ գտնվող կենսական կարեւոր օրգանին տրված բառի հետ, հատկապես, երբ հենց այդ բառով էր ուզում ընդգծել իր խոսակցի զբաղեցրած դիրքը։
Ընդհանրապես, գլխի հետ կապված բանավեճ սադրելը ընդդիմության շահերից չի բխում, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, բանավեճը գնում, հանգում Է այն հարցին, թե «որտե՞ղ է թաղված շան գլուխը», այսինքն, թե երբ՝ ում օրոք եւ ումով են սկսվել Հայաստանին, հայ ժողովրդին, եւ, ինչպես ընդունված էր ասել, «հայկական երկու պետականություններին» պատուհասած արհավիրքները, ովքեր էին իրական հայրենասերները, ովքեր՝ նրանց գլխատածները, ովքեր էին գործ անողներն ու ովքեր՝ գործակալները, միայն թե՝ բառի բուն իմաստով, այլ ոչ՝ «անշարժ գույքի»։
Բայց քանի որ Լեւոն Քոչարյանի ծոծրակին ճոճվող օրգանը դեռ չի հասցրել թրծվել քաղաքական բանավեճերում, նրան հատուկ են թաղի, ավելի ճիշտ՝ «քաղաքական քուչի»՝ հատուկ այսրոպեական պոռթկումները՝ առանց դրանց ռեզոնանսներն ու հետեւանքները հաշվարկելու՝ այն, ինչին ականատես եղանք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Ի դեպ, Կառավարության ղեկավարի հակադարձումը՝ «գլուխ» բառի հոլովմամբ, չգիտես՝ ինչու, հունից հանեց Ռոբերտ Քոչարյանի կուրացիայի տակ գործող ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում՝ այսօր ընդդիմություն հռչակված «քաղաքական ուժի գլխի փոքր տղա» Քոչարյանին։
Բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչո՞ւ էին նրանք ընդդիմանում իրերն իրենց անուններով կոչելուն։ Ենթադրում ենք՝ նրանք ավելի կոշտ ու գռեհիկ հակադարձման կարժանանային, եթե Կառավարության ղեկավարի պաշտոնում այսօր պատգամավորների հարցերին պատասխաներ որդի Քոչարյանի հայրը։
«Թուլեքի Թագավորության» վարքականոնով ու բառուբանով առաջնորդվող ավագ Քոչարյանն իր որդու ոճով հարց շարադրող ընդդիմադիրներին նախ մեծ հավանականությամբ կհիշեցներ «պարողին խանգարող բանի» մասին, ապա իր հետ «գլուխ դնողներին» կանվաներ «մոսկաներ» (моська՝ փոքրիկ շուն, թուլա), «մանր-մունր քաղաքական գործիչներ», «իքիբիրներ»՝ հընթացս հիշեցնելով՝ «երբ մարդ ուզում է փրկել իր մարմնի մի մասը, որ գտնվում է մեջքից մի քիչ ցածր, եւ դրա համար պատրաստ է ուղղակի մոռանալ բոլոր սրբությունները»։
Այս վերջին նախադասության մեջ նկարագրվող գործողությունը՝ փրկելը, ի դեպ, իր պաշտոնավարման ողջ շրջանում ու հատկապես հեղափոխությունից հետո վիրտուոզ կերպով կատարել է ինքը Քոչարյանը՝ Բաղրամյան 26-ի նախկին գլուխը։
Այսուհանդերձ, Քոչարյանի փոքր տղան ու նրա գործընկերները ստիպված են վերադառնալ ադեկվատության դաշտ ու վերջապես հասկանալ, որ քաղաքական բարձրագույն ամբիոնից հնչող ելույթները որակի ու բովանդակության առումով պետք է հավակնեն ավելի բարձր մակարդակի, քան, Սիրադեղյանի ասած, Ցախի մեյդանի հայաթի մակարդակն է։
Բաց մի թողեք
Պուտինը վերածվում է միջազգային վճռական մենակի
Ալիեւն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել է ուսումնասիրել եւ աշխարհին ներկայացնել «Արեւմտյան Ադրբեջանը»
Գուրգեն Արսենյանը ՌԴ պետդումայում փոխանցել է Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները