27/07/2024

Ռուսաստանը ցանկանում է «պատժել Հայաստանին» խաղաղության ցանկության համար. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ վերջինս ցանկանում է «պատժել Հայաստանին» խաղաղության ցանկության և իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար: Ըստ պաշտոնյայի՝ դրանք սկզբունքներ են, որոնք «Մոսկվան ոտնահարում է Ուկրաինայում»։

Այս մասին գրում է ֆրանսիական Lefigaro կայքը՝ մեջբերելով վարչապետի խոսքերը:

«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին, քանի որ վերջինս անպատժելիության դեմ պայքարին է միացել Միջազգային քրեական դատարանին անդամակցությամբ, կամ ուղղակի այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու իրավական պետությունը»,- հավելել է Կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ։

Գաբրիել Աթալը նաև քննադատել է այն, որ ՌԴ-ն «իրականում ինքնագոհ կեցվածքով հավանություն է տվել» Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը Լեռնային Ղարաբաղում՝ չդատապարտելով այն: Ըստ պաշտոնյայի՝ «ռուսական, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամ բռնկվի:

Գաբրիել Աթալը Ադրբեջանից պահանջել է «դուրս բերել իր ուժերը օկուպացված դիրքերից»՝ նկատելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն է խոստովանել, որ ադրբեջանական ուժերը առաջ են անցել հայկական տարածքի մի քանի կետերից»։

«Այսօրվա մարտահրավերն է օգնել Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը, մեկ բառով՝ իր ինքնիշխանությունը» և «պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա: