27/07/2024

ԱԷՄԳ-ն հակասում է Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի «քաղհասարակության» կեղծ մտահոգություններին. fip.am

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ. Ադրբեջանի մերձիշխանական հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ դիմել են Բրյուսելում անցկացվող Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը իբրև թե Մեծամորի ատոմակայանից եկող «գլոբալ վտանգին»։ 

«Ատոմակայանը․․․աշխատում է հին տեխնոլոգիաներով և մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար», — հայտարարել են Ադրբեջանի մերձիշխանական ՀԿ-ները։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հայտարարություններն ու փորձագիտական գնահատականները հայկական ատոմակայանի վերաբերյալ։

Այսպես, 2021 թվականին ԱՄԷԳ-ի փորձագիտական թիմն ամփոփել է հայկական ատոմկայանի երկարաժամկետ շահագործման անվտանգության ստուգումը, համաձայն որի արձանագրվել է, որ հայկական կողմն «իրականացրել է արդիականացման և անվտանգության բարելավման լայնածավալ ծրագիր, ներառյալ՝ վթարային համակարգերի մեծ թվով բաղադրիչների փոխարինումը, վթարային համակարգերի և վերահսկման և մոնիտորինգի համակարգերի արդիականացումը» և այլն։ 

«Թիմը նկատել է, որ ՀԱԷԿ-ը բարելավել է պատրաստվածությունը անվտանգ երկարաժամկետ շահագործման համար», — նշել է փորձագիտական խմբի ղեկավար Գաբոր Պետոֆին։

Արդեն 2022 թվականի հոկտեմբերի 4-5-ը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայաստան․ նա այցի շրջանակում եղել էր նաև Մեծամորի ատոմակայանում։ ԱԷՄԳ տնօրենը գոհունակություն էր հայտնել՝  նշելով, որ իր նախորդ այցից ի վեր կայանում բազմակողմանի լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել, «ինչն, անշուշտ, կերաշխավորի կայանի հետագա անվտանգ և հուսալի շահագործումը»:

«Ես այսօր հնարավորություն ունեցա սեփական աչքերով տեսնելու այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվել է Մեծամորի ԱԷԿ-ում, եւ համոզվեցի, որ դուք իրապես արժանի եք այն աջակցությանը, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի կողմից: Շարունակե՛ք աշխատել նույն ոգով, իսկ մենք մեր հերթին կանենք հնարավոր ամեն ինչ ձեզ աջակցելու համար»,- եզրափակել էր ԱԷՄԳ-ի ղեկավարը։

Ավելի ուշ էլ, Գրոսին «Արմենպրեսի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող՝ ատոմակայանը փակելու կոչերին հստակ արձանագրել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չի պլանավորում փակել ատոմակայանը, և որ «Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել ԱԷՄԳ-ի հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և գործակալությունը վստահ է այս հարցում»։

«Ոչ, բացարձակապես ոչ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»,- ասել էր գործակալության գլխավոր տնօրենը։

Այսպիսով, հայկական ատոմակայանի վերաբերյալ ադրբեջանական կառավարության կողմից համակարգվող ՀԿ-ների մտահագությունները չեն հաստատվում ԱԷՄԳ-ի ո՛չ փորձագիտական խմբերի գնահատականներում, և ո՛չ էլ գործակալության ղեկավարության հրապարակային հայտարարություններում։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնացել էր  հրթիռային հարված հասցնել ՀԱԷԿ-ին։

«Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ առկա ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը Հայատանի համար մեծ աղետի կհանգեցնի»,- հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին։

Հայկական կողմը մտահոգություն էր հայտնել ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալիքի վերաբերյալ։ Այդ հայտարարություններին, ավելի ուշ Երևանում անդրադարձել էր նաև ինքը՝ Գրոսին, նշելով, որ «միջուկային անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի հակամարտությունների պատճառով»։ 

Նանե Մանասյան, fip.am