27/07/2024

Գնի շուրջ համաձայնության չեն եկել, երիտասարդն էլ գեղանկարները հափշտակել է

Մարտի 20-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում տված վանաձորցի 74-ամյա տղամարդը հայտնել է, որ ժամը 11.30-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն է մոտեցել մի երիտասարդ և ասել, որ ցանկանում է գնել նրա «Լիլիթ» գեղանկարը:

Մերժում ստանալով՝ երիտասարդը, այնուամենայնիվ, ցանկացել է տեսնել գեղանկարը: Գնացել են 74-ամյա տղամարդու բնակարան, որտեղ կրկին նկարը վաճառելու և գնի շուրջ խոսակցություն է ծավալվել: Համաձայնության չեն եկել, ինչից հետո երիտասարդը իբր տեսնելու նպատակով վերցրել է «Լիլիթ» և «Մարիամ Աստվածածին» գեղանկարները և արագ հեռացել:

Տարոնի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գեղանկարները բացահայտ հափշտակել է վանաձորցի 35-ամյա երիտասարդը:

Մարտի 21-ի ժամը 20.50-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Տարոնի բաժին, որտեղ խոստովանել է հանցանքը և անձնական խուզարկության ժամանակ ներկայացրել գեղանկարները:

Կազմված փաստաթղթերը, երիտասարդը և գողոնը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: