ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Վերոնշյալ մանրամասները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Շարունակվել է բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությունը մեծացնելու քաղաքականությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ ֆինանսական առումով, ինչպես նաեւ հասանելի բժշկական օգնությունը որակյալ եւ արդի պահանջներին համապատասխան չափորոշիչներով տրամադրելու ուղղությամբ:
Կառավարության ծրագրով 2023 թվականի ընթացքում իրականացվել է 46 միջոցառում, որոնցից 42-ն ամբողջապես են իրացվել, 4-ը՝ մասնակի: Այդ 4 միջոցառումը վերաբերում է ապահովագրական փաթեթին: Այստեղ ժամկետների հետաձգում կա, քանի որ համապարփակ ապահովագրության բարեփոխումը կարեւոր, հիմնարար եւ սկզբունքային փոփոխություն է ու առավել մանրամասն աշխատանքային քննարկումների կարիք ունի: Ակնկալվում է այս տարի գործընթացն ավարտել:
2023 թվականին ավելացել են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնության եւ սպասարկման ծավալները, մասնավորապես՝ մատուցված 861,845 ծառայություն, ինչը 74,981-ով ավելի է նախորդ տարում տրամադրված ծառայությունների ծավալից:
Չարորակ նորագոյացություններով հիվանդներին վիրահատական եւ ոչ վիրահատական բժշկական օգնության ծառայություններն ավելացել են 50 հազարով, ինչը 1,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Շարունակվել են սկրինինգային ծրագրերը:
Սրտանոթային հիվանդությունների բժշկական օգնության տրամադրման մասով եւս կա դինամիկա. 42,000-ով ավելացել է ծառայությունների ծավալը, ներառվել են նոր ծառայություններ: Նախորդ տարվա համեմատ 2023 թվականին 10 տոկոսով նվազել են մահվան դեպքերը:
Նախարար Անահիտ Ավանեսյանը փաստել է՝ ավելացել են փոխպատվաստումների ընդհանուր ծավալները, հասել ենք թիրախային նպատակներին: «Մեր նպատակն է Հայաստանում նորագոյացությունների բուժման ծառայությունների սպեկտորը հնարավորինս հասանելի դարձնել եւ շատ քիչ դեպքեր ունենանք, երբ բուժումը պարտադիր անցկացվի այլ երկրներում»,- ասել է նա:
Նշվել է, որ մոր եւ մանկան առողջության պահպանման ուղղությամբ լավ ցուցանիշներ են գրանցվել նաեւ մայրական մահացության նվազման առումով: Արձանագրվել է մեռելածնության նվազում: Մանկական մահացության մասով բարելավում չի արձանագրվել, ինչը գնահատման եւ պատճառների վերհանման նախադրյալ է, ու այս ուղղությամբ հավելյալ միջոցառումներ պետք է իրականացվեն:
Նախարարը ներկայացրել է հանրապետությունում բժշկական կենտրոնների ու հիվանդանոցների կառուցման, վերակառուցման ու շինարարական աշխատանքները:
Ներկայացվել են դեղերի հասանելիության ոլորտում քայլերը: Նշվել է, որ շարունակվել են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, ընդլայնվել են առողջ ապրելակերպի մասով միջոցառումները: Ոլորտի պատասխանատուն անդրադարձել է նաեւ էլեկտրոնային առողջապահության, մարդկային ներուժի զարգացման մասով կատարված աշխատանքներին:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել դեղերի հասանելիությանը, ոլորտում գնումների գործընթացի կազմակերպմանը, մանկական մահացության հարցում պատճառների գնահատմանը, դեղերի ներկրման հեշտացման մեխանիզմներին, առաջնային օղակի աշխատանքի արդյունավետությանը, էլեկտրոնային դեղատոմսի անցնելու նպատակահարմարությանը եւ այլ խնդիրների:
Նախարարի պարզաբանմամբ փորձնական օրինակով պարզվել է, որ թղթային տարբերակով դեղատոմս տրամադրելու գործողությունը 10-12 րոպե է տեւում, իսկ էլեկտրոնային տարբերակով՝ 1-3 րոպե՝ պայմանավորված տվյալ մասնագետի համակարգչային հմտությամբ: Նրա խոսքով թվայնացումն օգնում է կրճատել աշխատաժամանակը եւ ունենալ ավելի ճշգրիտ տվյալներ: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2023 թվականին մեկնարկել է ընտանեկան բժիշկների, մանկաբույժների եւ թերապեւտների բոնուսային աշխատավարձերի համակարգը, որն էականորեն բարձրացրել է աշխատավարձերը:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, խոսելով առողջության առաջնային օղակի աշխատանքի արդյունավետության կարեւորության մասին, կարծիք է հայտնել, որ հիվանդանոցային բուժօգնության ծավալները պետք է նվազեն առաջնային օղակի զարգացման շնորհիվ: Դեղերի հասանելիության մասով բողոքներին անդրադառնալով՝ պատգամավորը նշել է, որ «Գնումների մասին» օրենքում փոփոխության կարիք չկա, բայց տեխնիկական բնութագրերում կարելի է որոշակի չափորոշիչներ արձանագրել, գնումների գործընթացում հաշվի առնել ոչ միայն դեղի գինը, այլ նաեւ՝ որակը: Ըստ նրա՝ այս ոլորտում հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանումներ է ներկայացրել պատգամավորների մի շարք հարցադրումների առնչությամբ:
Զեկույցն ընդունվել է ի գիտություն:
Բաց մի թողեք
Հայաստանում մետավիրուսի դեպքեր դեռևս չունենք. Հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները բուռն են․ Ավանեսյան
Հայաստանում ծննդաբերությունից մի քանի ժամ անց կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափի հասնող միոմա․ մանրամասներ
ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները