27/07/2024

Ինչ կարող են ասել Արցախի նախկինները ադրբեջանական հարցազրույցներում, որ անընդմեջ վախեր եք ներշնչում

Բաքուն Արցախի «նախկին նախագահներից ցուցմունքներ է կորզում, եւ դրանք կօգտագործվեն Հայաստանի դեմ»:

Նախ, պետք է տրամագծորեն հակառակ դիսկուրս ծավալվեր: Այն իմաստով, որ մարդիկ պատանդառված են, գտնվում են ալիեւյան Պետական անվտանգության քննչական մեկուսարանում: Իսկ թե ինչ «բարքեր» են այնտեղ տիրում, վկայում եմ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիություն ներկայացուցիչները, որ ամիսներ, տարիներ շարունակ գտնվել են բանտախցում:

Նման պայմաններում տրված «խոստովանական ցուցմունքի օրինականությունը,, նույնն է, ինչ, ասենք, ԽՍՀՄ ՆԳԺԿ զնդաններում Ստալինի քաղաքական զոհերից կորզված «ինքնախոստովանական մերկացումները,,: Նույնիսկ Խորհրդային Միությունն է Ստալինից հետո դրանք ապօրինի ճանաչել եւ դատապարտյալներին արդարացրել:

Նախնական կալանքում գտնվող անձի իրավունքների կոպիտ խախտում է, երբ նրան հարկադրում են հարզացրույց տալ: Եթե անգամ Ադրբեջանի սահմանադրությամբ եւ քրեա-դատավարական օրենսդրությամբ առաջնորդվելու լինենք, ապա անձը լիովին իրավասու է հրաժարվել իր եւ մերձավորների դեմ ցուցմունքներ տալուց:

Բաքուն, իհարկե, փորձելու է այնպես ներկայացնել, իբր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը «սեփական նախաձեռնությամբ են հարցազրույց տվել»:

Այդ դեպքում Ադրբեջանի բանտերում եւ նախնական կալանքի մեկուսարաններում պահվող 238 քաղբանտարկյալների հետ ինչու՞ հարցազրույց չի անցկացվում: Նրանք Ալիեւին, ադրբեջանական եւ միջազգային հանրությանն ասելիք չունե՞ն: Իհարկե, ունեն: Բայց չեն կարող արտահայտվել: Նրանց գործով բոլոր դատական նիստերն անցնում են փակ ռեժիմով:

Բայց այս հարցերին ուշադրություն չի դարձվում: Լրատվամիջոցներից մեկը նույնիսկ վարկածել է, որ Արայիկ Հարությունյանի եւ Լեւոն Մնացականյանի «հարցազրույցի» տեսասփռման ժամկետ է սահմանվել մարտի 27-28-ը, որպեսզի մինչ այդ «Նիկոլ Փաշինյանից նոր զիջումներ ստանան»:

Լավ, ի՞նչ «պիտի ասի,, Արայիկ Հարությունյանը, որպեսզի դա Նիկոլ Փաշինյանից «նոր զիջումներ ստանալու հիմք դառնա»: Նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը ամեն ինչ ասել է: Ձեւակերպումը, որ «Հայաստանը վերադարձնում է… շրջանը»-եւ որի տակ առկա է նաեւ Հայաստանի վարչապետի ստորագրությունը, գլխավոր հարցը, թե ո՞ւմ միջեւ էր քառասունչորսօրյա պատերազմը, հանում է:

Այդ փաստաթղթում կար մի կռվան. Աղդամի շրջանի մասին ասված է, որ «վերադարձվում է»՝ չնշելով «վերադարձնողին»: Ստեփանակերտը, ցավոք, այդ հանգամանքը չօգտագործեց՝ լեգիտիմացնելու Պաշտպանության բանակի՝ որպես արցախյան զորամիավորման կարգավիճակը, իսկ անցյալ սեպտեմբերի 20-ին խնդիրը վերջնականապես փակվեց, երբ արձանագրվեց, որ Լեռնային Ղարաբաղից «դուրս են բերվում Հայաստանի ԶՈՒ մնացորդներ»:

Ավելի ի՞նչ պիտի ասի Արայիկ Հարությունյանը կամ Լեւոն Մնացականյանը, ով ՊԲ հրամանատարի պաշտոնը թողել է քառասունչորսօրյա պատերազմից երկու տարի առաջ: Ինչո՞ւ ենք մեզ անընդմեջ վախեր ներշնչում: