Անցած օրերին Պեկինում է գտնվել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չկա, տեղեկատվության աղբյուրը Հաջիեւի գրառումն է X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում, ըստ որի նա բանակցություններ է վարել ՉԺՀ փոխարտգործնախարարի, Կոմկուսի Կենտկոմի միջազգային կապերի բաժնի պետի տեղակալի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահի հետ:
Ադրբեջանական մամուլը հատվածական մանրամասնություններ է փոխանցում China Global Television Network հեռուստաընկերությանը Հաջիեւի հարցազրույցից: Ըստ այդմ, Հաջիեւի պեկինյան գործուղման առանցքային նպատակը Չինաստան-Ղազախստան՝ վերջերս կնքված առեւտրա-տնտեսական համաձայնագրին միանալու հնարավորության «հետախուզումն» է:
Նա շատ թափանցիկ ասում է, որ խնդիրը ղազախստանյան կողմի հետ արդեն քննարկվել է, Ադրբեջանը «կցանկանար, որ չինացի գործընկերները նույնպես մասնակցություն ունենային»-ինչից հասկացվում է, որ Բաքուն Չինաստան-Եվրամիություն հաղորդակցության նախագծում ձգտում է «տեղավորվել» ոչ այնքան որպես տրանզիտ ապահովող, այլ՝ մասնակից կողմ: Ի՞նչ ներուժ ունի Ադրբեջանը՝ Հաջիեւը չի մասնավորեցնում: Կարելի է ենթադրել, որ Բաքուն Պեկինին առաջարկում է տրանզիտի դիմաց չինական տեխնոլոգիաներին հասանելիության համաձայնություն: Մի բան է մաքսային եկամուտը, բոլորովին այլ՝ դրա դիմաց չինական տեխնոլոգիաներ ստանալու հնարավորությունը: Այս դեպքում խոսքը կարող է վերաբերվել առաջին հերթին ռազմաարդյունաբերական նշանակության տեխնոլոգիաներին:
Ի՞նչ արդյունքների է հասել Հաջիեւը՝ շատ բարդ է ասել: Ադրբեջանի ռազմական ներուժի տեխնոլոգիական հագեցվածության արդիականացումը զուտ երկկողմ՝ Պեկին-Բաքու, հարաբերություններից պետք է որ վեր լինի: Բայց որ քննարկումներ սկսվել են կամ շարունակվում են, կարծես թե իրողություն է: Բաց է մնում երկու էական հանգամանք. Եվրոպայի հետ Չինաստանի ապրանքաշրջանառությունն անցնելու է Թուրքիայո՞վ, թե՞՝ Վրաստանի նավահանգիստներով: Եւ այդ դեպքում ի՞նչ դիրքորոշում է ունենալու Ռուսաստանը: Ադրբեջանցի մեկնաբանը կարծում է, որ «միջին միջանցքի լիարժեք գործարկման հարցում Ռուսաստանը Չինաստանի հետ հարաբերություններ չի բարդացնի, Թուրքիայի դեմ քայլ չի համարձակվի ձեռնարկել»:
Բայց դա միայն ենթադրություն է, ընդ որում՝ կառուցված այն կանխավարկածի վրա, որ Ռուսաստանը ծանր պատերազմ է մղում Ուկրաինայում եւ ի դեմս Չինաստանի եւ Թուրքիայի «նոր թշնամի չի ստեղծի»: Այդ դեպքում Ռուսաստանն ինչու՞ է նաեւ ծովից ներկալում Աբխազիան: Դա Թուրքիայի ազդեցությունը չի՞ սահմանափակում: Եւ եթե Չինաստանն իրոք արդիականացնում է Անակլիայի նավահանգիստը, ապա Աբխազիայում ռուսական նոր ռազմածովային հենակայանը չի՞ ստեղծվում «հսկիչ-անցագրային» գործառույթներ իրականացնելու համար: Ադրբեջանը կարող է համարել, որ Ռուսաստանին «տվել է առավելագույնը»՝ Իրանի հետ ցամաքային տրանզիտ: Բայց ո՞րն է դրա ռազմավարական կարեւորությունը, եթե հորիզոնական գծով Չինաստանը կապվում է Եվրամիության հետ:
Հայաստանի համար կարեւորը, թերեւս, այն է, որ Հաջիեւը չի խոսել Չինաստանի հետ «միջին միջանցք» հարավային՝ Սյունիքով ենթադրվող երթուղու մասին: Համենայն դեպս, այդ մասին նա հրապարակային ոչինչ չի ասել՝ դատելով ադրբեջանական մամուլի փոխանցումներից: Չինաստանը «կորցրե՞լ է» այդ երթուղու հանդեպ հետաքրքրությունը կամ առհասարակ Թուրքիան չի՞ դիտարկվում Չինաստան-Եվրամիություն ապրանքաշրջանառության «հաբ»:
Ուշագրավ է, որ 2022թ. սեպտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին ընդառաջ Ադրբեջանը սահմանային ագրեսիայի դիմեց: Հայաստանի բացակայությունը դրանով կամ միայն դրանո՞վ էր պայմանավորված: Հայ-չինական հարաբերություններն ինչու՞ շարունակում են ցածր մակարդակի վրա մնալ:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ պարտվեց ծայրահեղ աջ թևը. 11 դաս Եվրոպայի համար՝ Շվեդիայի ընտրությունների արդյունքներից
Տնտեսական դժվարությունները չեն ծնում ծայրահեղ աջերին, բայց դրանք ապահովում են նրանց աջակիցներով
«Օգտակար գործընկերություն». ԵՄ ասոցացված անդամակցության էությունը