27/07/2024

Վարդան Օսկանյանը թաքցնելու բա՞ն ունի. Վարչական տույժի ենթարկված նրա կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել

ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքականությունից հեռացած, բայց հեռավար ձևաչափով ժամանակ առ ժամանակ քաղաքական ակտիվություն ցուցաբերող Վարդան Օսկանյանը կարծես թաքցնելու բան ունի։

Եվ այդ բանը իր ստեղծած կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին 2022 թվականի տարեկան հաշվետվությունն է, որը օրենքով սահմանված կարգով չի հրապարակվել և չի ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Ընդ որում, Հանձնաժողովը նախորդ տարեվերջին ծանուցել է նախկին նախարարին հաշվետվությունը սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելու, չհրապարակելու առերևույթ խախտման վերաբերյալ և հրավիրել Հանձնաժողով՝ մասնակցելու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը։ Նա, սակայն, լինելով պատշաճ ծանուցված, չի ներկայացել գործի քննությանը։

Հավանաբար պարոն Օսկանյանը շատ է զբաղված եղել իր նոր զբաղմունքով։ Հանձնաժողովն էլ, ըստ այդմ, գործը քննել է առանց նրա և որոշել է «Համախմբում»-ի ղեկավարի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 40 հազար դրամի չափով։ Վերջինս նախազգուշացվում է նաև խախտումը չվերացնելու բացասական հետևանքների մասին:

Վարչական տույժ կիրառելու մասին Հանձնաժողովի որոշումը օրերս է հրապարակվել հրապարակային ծանուցումների ինտերնետային պաշտոնական կայքում, որոշումն էլ կայացվել է ս.թ. հունվարի 24-ին։

Հարկ է նշել, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքը պահանջում է՝ հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին՝ նշելով դրա արժեքը:

Ըստ օրենքի՝ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել, եթե այն թույլ է տվել կոպիտ խախտում, որոնցից մեկն էլ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետ երեսնօրյա ժամկետւմ խախտումը չվերացնելու դեպքն է։ Դրա մասին Հանձնաժողովը անհապաղ տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ին և ՀՀ կառավարությանը։ ԿԿՀ-ն գրությամբ (31.01.2024 թ.) նախազգուշացրել է խախտումը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում կուսակցության գործունեության կասեցման հնարավորության մասին։

«Համախմբում»-ը, հիշեցնենք, ստեղծվեց 2016-ին, ապրիլյան քառօրյայից հետո, 2017 թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին։ Օսկանյանը, ինչպես հայտնի է, նախքան այդ պատգամավոր էր դարձել ԲՀԿ-ի քվոտայով, 2017-ին էլ սեփական կուսակցությամբ մտավ քաղաքական պայքարի մեջ՝ ի դեմ ՕՐՕ դաշինքի։ Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Օսկանյանի միությունը, սակայն, բարեհաջող չէր, դաշինքը չհաղթահարեց ԱԺ մուտք գործելու նվազագույն շեմը։ Օսկանյանն այդ կատարյալ ֆիասկոյից հետո անցավ ընդհատակ, և անգամ նրա երբեմնի կուսակիցներն էին դժվարանում տեղորոշել կուսղեկի գտնվելու վայրը։

Իսկ հարցին, թե ինչպես է դասավորվելու այդքան հավակնոտ անունով քաղաքական ուժի հետագա ճակատագիրը, ուժ, որը ձևավորվել էր, որպեսզի «իշխանությունը վերադարձնի ժողովրդին», որպեսզի «միջազգային ասպարեզում մեր երկրին հարգեն ու ընկալեն որպես ինքնուրույն միավորի», նախկին համախմբումականները (որոնցից էին նաև «Հայաստան»-խմբակցության նախկին անդամ Անդրանիկ Թևանյանը, Արեգնազ Մանուկյանը) ուսերն էին շփոթված թոթվում։ «Համախմբում» «բրենդը», նկատենք, 44-օրյա պատերազմից հետո սկսեց օգտագործվել դահլիճային՝ «մենք մերոնցով» ֆորմատի ընդդիմադիր հավաքներ կազմակերպելու նպատակով։ «Հայաքվե» անունով նախաձեռնությունն էլ, ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների, գտնվում է Օսկանյանի կուրացիայի ներքո։

Նշենք, որ ԼՂՀ-ի բռնի հայաթափումից հետո ԼՂ հարցով տարիներ շարունակ բանակցած Վարդան Օսկանյանը «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբ» է ստեղծել և փորձում է զբաղվել ԼՂ հայերի վերադարձի հարցերով։

Երբ 2017-ի ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել էր Օսկանյանին՝ ՕՐՕ դաշինքի ծրագրում «Մադրիդյան սկզբունքների» մասին չհիշատակելու համար, թե՝ այդ սկզբունքները արդեն դարձել են խո՞րթ, Օսկանյանն էլ արդեն դրանց խորթ հա՞յրն է, նախկին նախարարն արձագանքել էր. «Այո, ես ինձ համարում եմ մադրիդյան փաստաթղթի առաջին պարբերության հայրը, իմ իմացածի, որովհետև հետո փոխվել է, այդ պարբերությունը գնացել է 5-րդ, 6-րդ: Իմ բանակցած փաստաթղթի առաջին պարբերությունում գրված է՝ ԼՂ ժողովուրդը ռեֆերենդումի միջոցով իր տարածքում իր բնակչությամբ կորոշի իր կարգավիճակը, և այդ հանրաքվեի արդյունքը կարող է լինել ցանկացած ելք: Դա այն ժառանգությունն է, որ ես եմ թողել, ես դրա հայրն եմ, դրանից չեմ հրաժարվում»: Ապա, արձագանքելով Ադրբեջանին վերադարձվելիք տարածքների թեման շրջանցելուն (տարածքների վերադարձի հարցը նույնպես ամրագրված է «Մադրիդյան սկզբունքներով»), Օսկանյանը նետել էր՝ «իշխանություններն այնքան անգործության են մատնվել, այնքան ապաշնորհ են, որ անգամ մի տարածք որ ուզենան տան՝ սխալ կտան, չի ստացվի, կսխալվեն»։