27/07/2024

Փաշինյանը մանիպուլացնում է․ Հայաստանում կան միջազգային հավատարմագրում ստացած բուհեր. fip.am

Մարտի 16-ին, ելույթ ունենալով Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում չկան միջազգային հավաստագրում ունեցող բուհեր և այդ իսկ պատճառով ակադեմիական քաղաքի ծրագիրն այդքան կարևոր նշանակություն ունի։

«Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է»,- ասել է նա։

Սակայն այս հայտարարությունից ընդամենը տասն օր առաջ՝ մարտի 6-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանը ստացել էր միջազգային հավաստագրման վերահաստատում առավելագույն ժամկետով։

Հայաստանի ամերիկյան համալսարանը դեռ 2006 թվականին էր ստացել հավաստագրում WASC Senior College and University Commission (WSCUC) ամերիկյան ԲՈՒՀ-երի հանձնաժողովի կողմից։ Այս տարի այն վերահաստատվեց արդեն երկրորդ անգամ։

Հատկանշական է նաև, որ ՀԱՀ-ը միակ ԲՈՒՀ-ն է տարածաշրջանում, որը hավատարմագրված է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի կողմից։

Համալսարանի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունից տեղեկանում ենք, որ այս հավաստագրումը ստացել են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Սթենֆորդի համալսարանը, Բերկլիի համալսարանը և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։

Հայաստանի ամերիկյան համալսարանը, սակայն, միակ հավաստագրված համալսարանը չէ ՀՀ-ում։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ևս այս տարի ստացել է միջազգային հավաստագրում։ Ըստ համալսարանի պաշտոնական կայքի՝ ԵՊԲՀ-ի «Բուժական գործ» անընդհատ և ինտեգրացված (հայալեզու, անգլիալեզու և ռուսալեզու) երեք կրթական ծրագրերը փետրվարի 6-ին ստացել են WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրում՝ 7 տարի ժամկետով: Այն բժշկական համալսարանին է շնորհվել NCEQE (National Center for Educational Quality Enhancement) միջազգային հավատարմագրման կառույցի կողմից:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն աղավաղում է փաստերը՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ առանց ակադեմիական քաղաքի ՀՀ-ում ոչ մի բուհ չի ունենա միջազգային որակ և հավաստագրում։

Արփինե Հովհաննիսյան; fip.am