12/12/2024

Արցախցիները կարիք ունեն ճիշտ հասցեատիրոջ հղել իրենց մուննաթն ու «վերադարձի» մասին հրամանը՝ ՌԴ-ին ու անձամբ Պուտինին

Օրերս Ազատության հրապարակում տեղի ունեցած՝ «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության» հանրահավաքից հետո դրա կազմակերպիչները, այսպես ասած, «միասնական հայտարարություն» են տարածել, որի բովանդակությանը ծանոթանալուց հետո մեծ է գայթակղությունն այն վերնագրել այսպես՝ «Միասնական մուննաթ ու պարտադրագիր՝ ուղղված Հայաստանին ու միջազգային հանրությանը»։ Բայց որպես առաջին հասցեատեր՝ ՀՀ իշխանությանը։

Հիշեցնենք՝ նախորդիվ գրել ենք, թե ինչ քողարկված նպատակներ կարող են հետապնդվել նմանատիպ հավաքներ կազմակերպելով՝ ԼՂ ժողովրդի բողոքն ու դժգոհությունը ներքաղաքական կարիքներով գեներացնելու համար։ Մեծ հաշվով, նկատենք, ԼՂ հայության անունից հանդես եկողները իրենց քաղաքական լեքսիկոնի, պահանջների ձևակերպմամբ չեն շեղվել այն օրակարգից, որը հետապնդում էին նախքան 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիան։ Անգամ ասելիքի հրամայական տոնը չի վերանայվել՝ «պահանջում ենք», «կոչ ենք անում»։ Փոխվել են միայն ամբիոնն ու ասելիքը հայտնելու վայրը՝ նախկինում ԼՂՀ ԱԺ ամբիոնից ու Վերածննդի հրապարակից էին ՀՀ իշխանություններին պահանջներ ներկայացվում, այժմ Հայաստանի տարածքից՝ Ազատության հրապարակից և այլ հարթակներից։

Ի դեպ, կայքերից մեկը հանրահավաքի վայրում «բռնացրել» էր «Դիմադրություն» շարժման կազմակերպիչ, ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, որը, հավանաբար, գնացել էր ռևիզիայի՝ արդյոք բավարար մարդկային ռեսուրս կարո՞ղ է ապահովվել նմանատիպ «սոցիալական ուղղվածության» հավաքներով, որպեսզի դրանք պետք եղած ժամանակ տրանսֆորմացվեն իշխանափոխության նպատակով կազմակերպվող միտինգների։ Ի դեպ, Սաղաթելյանը, ի պատասխան հարցի՝ «ի՞նչ սպասելիքներ ունեք հանրահավաքից, արցախցիներն իրենց լուծումները կգտնե՞ն», մատնեց մտքինը. «Արցախահայերը Հայաստանում պետք ա ըլնեն քաղաքական գործոն, արցախահայության իրավունքները պետք է ամբողջությամբ պաշտպանվեն՝ սկսած քաղաքական իրավունքներից, հայրենիք վերադառնալու իրավունքներից՝ վերջացրած սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները»։ Ի դեպ, շատախոսել սիրող պարոն Սաղաթելյանն այսքանով եզրափակվել է, հրաժարվել է այլ, մասնավորապես Տավուշի գյուղերի մասին հարցին պատասխանել՝ նշելով. «ամեն օր խոսում ենք, առաջիկա օրերին էլի խոսելու ենք»։

Հարկ է այս համատեքստում նկատել, որ ընդդիմադիր քարոզչամեքենան այս օրերին գեներացնում է նաև «եթե Տավուշի գյուղերի համար պատերազմ սկսի՝ արցախցիները կմասնակցե՞ն» թեման։ Հանրահավաքը լուսաբանած մեկ այլ կայք էլ երեկ մասնակից արցախցիներից հարցուփորձ էր անում՝ կմասնակցե՞ք ՀՀ-ի պաշտպանությանը, եթե հանկարծ Տավուշում պատերազմ բռնկվի։ Ի պատասխան հնչում էր՝ «ի՞նչ տարբերություն, սա էլ է մեր հայրենիքը»։ Հաշվի առնելով, թե ինչ քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառվում ընդդիմադիր շրջանակների կողմից՝ «ՀՀ բնակչությանը նախապատրաստել նոր կենսական զիջումներ թույլ չտալուն», «Տավուշի գյուղերը հանձնելով քանդում ենք մեր առաջնագիծն ու Ալիևին ասում ՝ էստի համեցիր», ենթադրում ենք, որ առաջիկայում Տավուշի գյուղերի «հանձնումը» կանխելու համար ընդդիմությունը հանրահավաքների ցիկլ կսկսի՝ հաշվարկով, որ դրանում կներգրավի նաև «թուրքից մազապուրծ» եղած, ՀՀ-ում հաստատված արցախահայությանը։ Սաղաթելյանի ասած «քաղաքական գործոն» դառնալը, քաղաքական իրավունքներ ունենալը, կարծում ենք, հենց սրա մասին էր՝ օգտագործել քաղաքական նոր պոտենցիալը՝ արցախահայությանը դիտարկելով որպես իշխանափոխության «մատերիալ»։ Կապրենք, կտեսնենք։

Վերադառնալով վերոհիշյալ նախաձեռնությանը՝ նկատենք՝ որքան էլ դրա հետևում կանգնած սուբյեկտները՝ մասնավորապես ԼՂՀ նախկին ՄԻՊ, ԼՂՀ նախկին պետնախարար, մի շարք ՀԿ-ներ, ԼՂՀ ԱԺ որոշ պատգամավորներ, ամեն կերպ հավաստիացնում են, որ իրենց ակտիվությունը հասարակական է և չունի քաղաքական ենթատեքստ, սակայն նրանց ելույթների ու հայտարարության շեշտադրումներից ակնհայտ է՝ պրոցեսը թեև սոցիալական փաթեթավորում ունի, սակայն դրանով առաջին հերթին բարձրացվում են քաղաքական բարդ ու խրթին հարցեր։ Խոսքը հայտարարության մասնավորապես առաջին կետում շարադրած պահանջի մասին է. «Հայաստանի Հանրապետությունից և միջազգային հանրության բոլոր անդամներից պահանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի իրացման և պատմական Հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար»։

Անհերքելի է, որ ՀՀ-ն իր ողջ դիվանագիտական ռեսուրսն ու կարողությունները գործի է դրել՝ ԼՂՀ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, ինքնիշխան ապրելու իրավունքը սպասարկելու համար, թե նախքան 44-օրյա պատերազմը, թե նաև դրանից հետո՝ ԼՂ-ի էթնիկ զտման հարցը հասցեագրելով նաև ՄԱԿ-ի ԱԽ ամբիոնին, ընդհուպ մինչև այն պահը, երբ ռուս-ադրբեջանական տանդեմը «հակաահաբեկչական» օպերացիա իրականացրեց ԼՂՀ-ում, և տեղի ունեցավ բռնի տեղահանությունը։ Դրանում, անխոս, իր գործուն, մինչև իսկ «աջակցող» մասնակցությունն ունեցավ Ռուսաստանի Դաշնությունը, այլապես, որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր, ոչ միայն կկանխարգելեր «ահաբեկչական» ու տարատեսակ օպերացիաներն իր պատասխանատվության գոտում, այլև կկանխեր ԼՂ-ի հայաթափումը՝ այսպիսով կանխելով նաև ամիսներ անց Երևանի կենտրոնում կազմակերպվելիք հանրահավաքը, դրա կազմակերպիչների կողմից բարձրացված «պատմական հայրենիք վերադարձի» հարցը։

Արդ, այժմ, երբ ԼՂ-ի մեր հայրենակիցները պահանջում են «միջազգային երաշխիքներ» իրենց վերադարձի համար, ապա պետք է որպես առաջին հասցեատեր դիմեն ԼՂՀ-ում արդեն իսկ նման պատասխանատվություն ստանձնած սուբյեկտին՝ ՌԴ-ին։ Դրա ղեկավար Պուտինի երաշխավորությամբ ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որքան տեղյակ ենք, այն ստորագրած որևէ կողմ չի չեղարկել, և ըստ այդ հայտարարության՝ մինչև 2025 թվականը ռուսները շարունակելու են իրենց մանդատն իրացնել, որի մեջ, ի թիս այլ պարտավորությունների, մտնում է նաև ԼՂ ժողովրդի բնականոն կյանքի ապահովումը։ Հետևապես տրամաբանական է, որ ԼՂ-ի սիրելի մեր հայրենակիցներն իրենց հավաքը կազմակերպեն ՌԴ դեսպանատան առաջ՝ իրենց հիմնական պահանջը հասցեագրելով հենց այդ ատյանին՝ մինչև խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետի լրանալը իրականացնել իրենց մանդատից բխող պարտավորությունները՝ ապահովելով ԼՂ բնակչության անվտանգ ներգաղթը։ Հայտարարությունը, որի մյուս կետերում բարձրացվում են նաև բնակարանային հարցերի մասին խնդիրներ, եզրափակվում է այսպիսի տողով. «Մենք հետևողական ենք լինելու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցերում՝ կիրառելով օրինական բոլոր միջոցներն այդ ճանապարհին և զերծ մնալով հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնող որևէ քայլից»: Այս նախադասության վերջին ձևակերպումը՝ «զերծ մնալ հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնող որևէ քայլից», թերևս միակ ադեկվատ ու հավասարակշռված միտքն է երկարաշունչ այս պահանջագրում։ Եթե դրա հեղինակներն իրոք առաջնորդվում են «չվնասելու» սկզբունքով, ապա, թերևս, պետք է հրապարակներում բարձրագոչ ելույթներ ունենալու փոխարեն գործակցեն միջազգային կառույցների և ՀՀ իշխանությունների հետ։ Գործակցությունն, ի դեպ, ամենևին էլ պարտադիր չէ, որ լինի բարձրախոսների ու պլակատների ուղեկցությամբ։