27/07/2024

«Ինչո՞ւ եք Հայաստանի հետ խնդիր ունենալու դեպքում բոլորդ փախչում ՌԴ, ոչ թե Մոզամբիկ. դուք եղել եք, կաք ու կմնաք ԿԳԲ-շնիկ»

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ իշխանությանը հեռացնելու պայմաններից մեկը ԱԺ-ից դուրս ժողովրդական լայն համախմբումն է, և կոչ է արել ընդդիմադիր ամբողջ հատվածին, բոլոր քաղաքական ուժերին գտնել համագործակցության եզրեր, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը և իրենց գործունեությունը շարունակել։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, հայտնելով իր տեսակետը, ասաց. «Դե էս մարդիկ քանի անգամ պիտի մոբիլիզացվեն, քանի անգամ իրենց մեջ եղած տարաձայնությունները մի կողմ դնեն։ Նախ ինքը պիտի ասի՝ իրենց մեջ ինչ տարաձայնություն կա։ Կարո՞ղ է հետագայում Հայաստանի բզկտված մարմինը բաժանելու, իրար մեջ կիսելու հարցում չեն կարողանում կոնսենսուսի գալ։ Իրենք նույնական մարդիկ են, իրար հետ 100 տարի աշխատել են, արել են էն, ինչ որ արել են։ Հետևապես ճիշտ կլինի, որ ինքը բացատրի, թե իրենց մեջ ինչ տարաձայնություն կա, որովհետև ինձ դա հետաքրքիր է։ Իսկ ընդհանրապես, իրենք 40 000 անգամ մոբիլիզացվել են, հետո ապամոբիլիզացվել են, արդյունք չի տվել»,- ասաց քաղաքագետը։

Այնուհետև նա նշեց, որ Սեյրան Օհանյանը պիտի իմանա մի բան՝ իրենց հովանավոր պետությունը և իրենց հայրենիք Ռուսաստանն այսօր ուժ չունի իրենց օգնելու, դրա համար իրենք ոչինչ անել չեն կարող։ Եվ կա երկրորդ մասը. հավանաբար կոչը միայն իրենց «թայֆային» չի ուղղված, փողոցում ազգայնականներ կան, կարո՞ղ է դրանց է ուղղված, որովհետև դրանց ղեկավարն էլ ժամանակին քոչարյանենց ասում էր՝ «մի քիչ յան տվեք, ձեր հատվածը միանա մեզ, պրծնենք, էլի»։

«Ոնց որ իրար մերձենալու սիրախաղեր են սկսել՝ Հայաստանի դեմ։ Ընդ որում, իրենց արածը հո իշխանության դեմ չի, բայց անուղղակի և ըստ էության իրենց պայքարը ՀՀ-ի դեմ է, իրենք մեր պետության ընդդիմությունն են, ոչ թե իշխանության։ Բայց կհաջողվի, թե չէ՝ հիմա պրակտիկան ցույց է տալիս, որ չի հաջողվում։ Հույսները ո՞րն է՝ արագ բզբզեն, որ Ադրբեջանը Տավուշի հատվածում չորս հատվածի հետ կապված այլանդակություններ անի, իրենք էլ նորից գնան մեր ժողովրդի հուզականության վրա խաղան, իրենց վրա գրեն՝ հայրենասեր, ազատամարտիկ, Անդրանիկ, Տիգրան Մեծ, ու տենց դուրս գան փողոց, պետությունը ցնցեն։ Բայց մեր պրակտիկան ապացուցում է, որ դա իրենց մոտ չի ստացվում»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ. փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը, և նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հակաիշխանական հայացքներ ունեցող անձինք, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են ահաբեկչություններ, ընդ որում՝ նրանցից մեկը, ինչպես պարզվեց, դաշնակցական է։

Հարցին, թե արդյոք հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ պայքարի նոր մեկնարկ հայտարարած ընդդիմությունը հնարավո՞ր է գնա ահաբեկչության, քաղաքագետն ասաց. «Մենք պիտի նկատի ունենանք, թե ինչու է, որ դա հնարավոր է կամ հավանական։ Իրենք զանգվածային լայն մոբիլիզացիա չունեն, իրենց հետ ժողովուրդ չկա, իրենց հետ կա թայֆա։ Հիմա այս թայֆայով չեն կարողանում հարց լուծել։ Ընդհանրապես այսպես է՝ եթե մեծ մոբիլիզացիա չկա, չեն կարողանաում ապահովել, այդ ուժը սովորաբար վերածվում է ռադիկալ մոբիլիզացված ուժի և ամեն ինչ կարող է անել։ Հիմա պետք է նկատի ունենանք, որ սրանք հո ինքնուրույն չեն։ Իրենք ինքնություն չունեն, իրենց ինքնությունը աղճատված ռուսական ինքնությունն է, իրենք ինքնագիտակցությամբ ռուս են, հայ չեն։ Էթնիկական իմաստով հայ են, կարող է մեկի տատը հայ է, ենթադրենք։ Հիմա Ռուսաստանն ունակ է տարբեր բաների՝ քաղաքական սպանությունների, հետևապես, եթե Ռուսաստանն ունակ է, ապա իրենք էլ են ունակ»,- նշեց Հայկ Սուքիասյանը։
Այնուհետև քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանի երկրորդ ճանապարհն է Ադրբեջանի զորքով մտնել Հայաստան, հիմա դա չի կարողանում անել, այս հատվածին փողոց է գցել, բայց և հասարակությունը, և իշխանությունը պետք է ուշադիր լինեն, իրավապահ համակարգը պետք է ուշադիր լինի, օրենքը խախտելու պարագայում իրենք իրենց ծոծրակին, ոսկորների վրա պիտի զգան Հայաստանի իրավական համակարգի ողջ ծանրությունը։

«Որովհետև այս հատվածը ընդդիմություն չի, այս հատվածը Հայաստանի հետ կապ չունի, սա պետականաքանդ հատված է։ Գիշեր-ցերեկ երդում են տալիս Ռուսաստանին։ Այսինքն՝ էս աստիճանի պառկել, էս աստիճանի գործել սեփական պետության դեմ, չգիտեմ՝ աշխարհում էլ որտե՞ղ է հնարավոր։ Բայց Հայաստանում հնարավոր է»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Խոսելով նաև ընդդիմադիրի հայտ ներկայացրած պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գործունեության մասին, որը ցանկանում է կուսակցություն հիմնել և ապրիլին հիմնադիր համագումար է հրավիրել, քաղաքագետն ասաց, որ կոչ է անում ՀՀ պետական ռեսգիտրին նրա կուսակցութունը չգրանցել։

«Էդ մարդը՝ կուսակցության հիմնադիրը, ՀՀ-ից փախած մարդ է, որը ՀՀ-ի հետ խնդիրներ ունի, և ինքը դրսից կուսակցություն է հիմնադրում։ Ես առաջարկում եմ ՀՀ պետական ռեգիստրին այդ կուսակցությունը չգրանցել, որովհետև այդ կուսակցությունները ՀՀ-ի դեմ ստեղծված կուսակցություններ են և վերջ։ Ես էդ մարդուն մի բան եմ ուզում հարցնել՝ ինչո՞ւ է, երբ որ դուք բոլորդ ՀՀ-ի հետ խնդիր եք ունենում, բոլորդ փախչում եք Ռուսաստան։ Ինչո՞ւ ձեր մեջ չկա մեկը, որ, ասենք, Մոզամբիկ փախած լինի։ Հետևապես դուք բոլորդ էլ դեռ օրորոցի ժամանակից եղել եք, կաք ու կմնաք ԿԳԲ-շնիկ, դուք մեր պետության դեմ գործող մարդիկ եք»,- եզրափակեց Հայկ Սուքիասյանը։

Լիլիթ Թադևոսյան