Կիրակնօրյա ընթերցումներ․
Միգամած օր էր, այն օրերից, երբ արթնանում են հին-հին հիշատակներն ու հին երգերը: Ամբողջ օրը ես նստած էի տանը՝ ականջս այդ երգերին: Չորս կողմն ավելի շատ խավար էր, քան լույս, և ես հիշեցի մի երգ, որ ժամանակին երգել էի մի աղջկա համար, ավտոբուսի մեջ:
Մենք արդեն սիրում էինք իրար, բայց հենց որ ավտոբուսը հասավ Թոփքիա, նա իջավ, և ես էլ երբեք չտեսա նրան: Գիշերվա կեսին, երբ համբուրեցի նրան, աղջիկն արտասվեց, և ես հիվանդացա սիրո տրտմությամբ: Օգոստոսյան նորահարս գիշեր էր, կյանքումս առաջին անգամ գնում էի Նյու Յորք: Ես հիվանդացա սիրո տրտմությամբ, որովհետև գնում էի իմ ճանապարհով, իսկ նա՝ իր:
Այդ միգամած օրը նստել էի տանը ու միտք էի անում, թե ինչպես է, որ մեկի կյանքն ընթանում է մի ճամփով, մյուսներինը՝ ուրիշ, ամեն մեկն իր ճանապարհով է գնում, և ոմանք մեռնում են կես ճանապարհին: Եթե թեկուզ աշխարհը փոքր լինի, եթե դու այլևս չես տեսնում նրանց, ուրեմն նրանք մեռած են: Եթե նույնիսկ ճամփադ թողած՝ հետ գաս, փնտրես նրանց և գտնես, կգտնես մեռած, որովհետև ինչ ճանապարհով էլ գնաս, միևնույն է, մահը ճանապարհիդ է:
Ավտոբուսը հասավ Թոփքիա, նա իջավ ու կորավ անկյան հետևում, և ես էլ երբեք չտեսա նրան: Շատ ուրիշներին տեսա, շատերը նույնքան լավն էին ու սիրուն, բայց ոչ մեկը նման չէր նրան, ոչ մեկը չուներ նրա թախծալի, անուշ ձայնը, ոչ մեկ չէր արտասվում այնպես, ինչպես նա արտասվեց: Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը: Էլ երբեք չի լինի այն ամերիկյան գիշերվա պես ուրիշը: Միգուցե նա հիմա առաջվանից ավելի լավն է, բայց էլ երբեք չի լինի այն գիշերվա տրտմության պես ուրիշը, և էլ երբեք նա կամ մի ուրիշը չի արտասվի այդպես, և նրան համբուրած ոչ մի տղամարդ չի հիվանդանա այն գիշերվա սիրո տրտմությամբ: Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է և էլ երբեք չի գտնվի: Այդ ամենը մնաց փոքրիկ պատահականություններից հյուսված դարերի խորքում, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց կամքով նա նստեց կողքիս, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց կամքով նստեցի այնտեղ՝ նրան սպասելու:
Նա եկավ ու նստեց կողքիս, և ես հասկացա, որ այդ բոլոր տարիներին նրան եմ սպասել, բայց երբ Թոփքիայում նա իջավ ավտոբուսից, ես մնացի նստած ու երեք օր հետո արդեն Նյու Յորքում էի:
Ահա և ամենը, եթե մոռանամ, որ ինձանից մի բան դեռևս այնտեղ է՝ ամերիկյան այն հեռավոր տաք գիշերվա գրկում:
Երբ ցերեկվա խավարին փոխարինեց գիշերվա խավարը, ես դրեցի գլխարկս ու դուրս եկա տանից: Մեգ-մշուշի մեջ բռնեցի քաղաքի ճամփան, և սիրտս հավատարիմ, անմռունչ շան պես հետս եկավ:Քաղաքում հանդիպեցի մի քանի մեռյալների, որոնք իմ ընկերներն էին, և ամենասրտակեղեք հեծեծանքից էլ դառն ու մահահունչ ծիծաղը շրթներիս՝ մենք կերանք, խմեցինք, խոսեցինք ու երգեցինք, բայց մտքումս միայն նրա քնքուշ լացն էր, որովհետև փոքրիկ պատահականություններից հյուսված տարիները մեր ճամփաները խաչաձև էին, և իմ խև սիրտը շշնջում էր ինձ, որ մնամ նրա հետ ու չգնամ ոչ մի տեղ, իմ խև սիրտը շշնջում էր, որ գնալու տեղ չունեմ:
Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան
Բաց մի թողեք
Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա Անդրեասյան. Լուսանկար
Երգի պրեմիերա՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում. Լուսանկար
Հայաստանում կներկայացվի եզակի՝ «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերան